03/10/2015 13:57
Խոսրով Հարությունյան. Խաղաղ բանակցային գործընթացը երբեք չի կարելի համարել տապալված
Միայն այն դեպքում, երբ Հայաստանը տեսնի Արցախի անվտանգությունը սպառնալիքի տակ է, ոչ միայն կձեռնարկի ճանաչման գործընթացը, այլ նաև քայլեր կձեռնարկի նրա անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ՀՀ ասելով, Լեռնային Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը, տրամաբանական շարունակությունն էր մեր արտաքին քաղաքականության այն բանաձևի, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Լեռնային Ղարաբաղի ճանաչումից այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս կարգավորել»,- ասաց նա:
Խ. Հարությունյանի խոսքով` այդ հայտարարության հասցեատերը Ադրբեջանը չէր, այլ` տարածաշրջանային հիմնական դերակատարները:
«Չի կարելի ասել, որ այդ հայտարարությամբ քաղաքականության մեջ փոփոխություն է կատարվել, ընդամենն ասել է, որ այս խնդիրը կարող է օրակարգային դառնալ»,- ասաց Խ. Հարությունյանը:
Խ. Հարությունյանը նշեց, որ Նախագահը հայտարարություն է արել այն բանից հետո, երբ սահմանի վրա որակապես նոր իրավիճակ է ձևավորվում, և այս պայմաններում «Նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում է»:
Ի պատասխան հարցի, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացը կարելի է համարել տապալվա՞ծ, պատասխանեց. «Խաղաղ բանակցային գործընթացը երբեք չի կարելի համարել տապալված: Այս 20 տարիների ընթացքում բանակցային գործընթացը թեև փոքր, բայց ձեռքբերումներ ունեցել է, որոնք կարող են օգտագործվել բարենպաստ ընթացքի պարագայում»:
Նրա խոսքով՝ խաղաղ գործընթացը երբեք չի կարող համարվել չպահանջարկված, այլ հարց է, թե կողմերն ունեն ռեսուրս կամ ինչքան ռեսուրս ունեն արհամարհել միջազգային միջնորդների նախաձեռնությունները:
«Չեմ կարծում, որ մենք գոնե սեփական նախաձեռնությամբ խաղաղ բանակցային գործընթացից երբևէ կխուսափենք»,- ասաց Խ. Հարությունյանը: