03/10/2015 16:55
«Համոզել» պետք չէր ո՛չ ինձ, ո՛չ էլ դերասանուհիներին. Նարեկ Մակարյանը Աննա Հարությունյանի և Ելենա Բորիսենկոյի հետ համբույրի տեսարանների մասին
Երգիչ-դերասան Նարեկ Մակարյանն, ում այժմ հանդիպում ենք «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» սերիալում՝ Վահագի կերպարում, բավական ինտրիգային արտիստների շարքին է դասվում. հայկական կինոարվեստում՝ հատկապես սերիալներում, համբույրի տեսարանները շղարշված են անցնում՝ ընթացքը թողնելով հեռուստադիտողի երևակայությանը: Սակայն այս սերիալում հեռուստադիտողը ականատես եղավ Վահագի՝ Աստղիկի ու Մարիայի հետ համբույրի տեսարաններին (Աննա Հարությունյան, Ելենա Բորիսենկո):
Aysor.am-ի հետ զրույցում Ն. Մակարյանը վստահեցրեց, որ դա առաջնահերթ իր խաղընկերուհիների՝ մասնագիտությանը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու արդյունքն է, ինչ շնորհիվ վերանում են նաև իր կոմլեքսները: «Պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելով՝ ժամանակի ընթացքում և՛ կոմպլեքսներս են վերանում, և՛, կարծեք թե, ավելի եմ հմտանում դերասանական արվեստի մեջ: Ինչ վերաբերում է համբույրի տեսարանին, ապա այդտեղ «համոզել» պետք չէր ո՛չ ինձ, ո՛չ էլ դերասանուհիներին. Աննա Հարությունյանը և Ելենա Բորիսենկոն պրոֆեսիոնալ դերասանուհիներ են, ես էլ ձգտում եմ այդպիսին դառնամ: Ընդհանրապես, ես պատասխանատվությամբ ու նվիրումով եմ վերաբերում իմ բռնած ցանկացած գործին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայկական առաջատար հեռուստաալիքներից մեկով ցուցադրվող սերիալում գլխավոր կերպարներից մեկին մարմնավորելուն»,- ժպիտով մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե այն հանգամանքը, որ նա պարբերաբար հայտնվում է գեղարվեստական ֆիլմերում ու սերիալներում՝ նշանակո՞ւմ է արդյոք հրաժեշտ երգարվեստին, վերջինս պատասխանեց. «Ոչ, ես նախ և առաջ երգիչ եմ, հետո նոր դերասան ու երգահան: Երգարվեստը միշտ և ամեն դեպքում իմ կյանքում առաջին տեղում է: Իսկ նոյեմբերի սկզբին հանրությանը կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ «Հավատա» երգի հիման վրա: Ասեմ, որ այն նկարահանվել է Մոսկվայում: Հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանք է ստացվել»: