03/10/2015 14:12
Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է. ԱԺ նախագահ
Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է ոչ միայն իր կատարողական բարձր վարպետությամբ, այլև խոսքի յուրահատուկ մատուցմամբ ու արդեն թևավոր դարձած արտահայտություններով: Ձեր մարմնավորած դերերը բնական են, նրանց կերպավորումը` համոզիչ, հանդիսատեսի հետ կապը` անմիջական: Այս ամբողջականության մեջ Դուք ստեղծել եք կինոյի ու թատրոնի Ձեր ժամանակահատվածը և արվեստասերի հիշողության դաշտում ամրագրել Ջիգարխանյան դերասանի ու ռեժիսորի Ձեր տեսակը, որը ժողովրդական է ու երկարակյաց, հիշվող ու հիշեցնող, ապրող ու ապրեցնող:
Այդ տեսակը շարունակվում է Ձեր ղեկավարությամբ արդեն շուրջ 20 տարի գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որտեղ ջիգարխանյանական մթնոլորտ է, ջիգարխանյանական միջավայր, որտեղ դերասանները ջիգարխանյանական վարպետության դասեր են ստանում, իսկ հանդիսատեսը` վայելում այդ վարպետության արգասիքը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն և բարօրություն»: