03/10/2015 13:40
Ո՞վ է վճարելու այսօրվա տուգանքները՝ ՃՈ՞-ն, Երևանի քաղաքապետարա՞նը, թե՞ Սպորտի նախարարությունը
Այսօր առավոտյան երևանցիները լուրջ խնդրի առաջ կանգնեցին՝ կենտրոնական փողոցների մեծ մասը Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառման պատճառով փակ են, ինչն առանց այդ էլ խցանումների պակաս չունեցող Երևանում մի ահռելի խցանումների առիթ հանդիսացավ: Այստեղ խնդիրը ոչ այնքան նրանում է, որ խցանումներ են, այլ նրանում, որ այսօր խցանումները արհեստածին էին ու այս իրավիճակի մասին պաշտոնապես ու պատշաճ չէր իրազեկվել քաղաքացիներին, թե որ փողոցներն են փակ լինելու և մինչև ժամը քանիսը: Դրա հետևանքով աշխատանքի շտապողները ուշացան, նյարդերը քայքայեցին, բայց որևէ մեկը, բնականաբար, ներողություն չխնդրեց իր անպատասխանատու գործունեության համար:
Aysor.am-ին Ճանապարհային ոստիկանությունից փոխանցեցին՝ միջոցառման կազմակերպիչները Երևանի քաղաքապետարանն ու Սպորտի և երիտասարդության նախարարությունն են, բոլոր հարցերով՝ նրանց: Երևանի քաղաքապետարանը, որն այսօր առավոտվանից մի լա՜վ հիշատակվել է բոլոր վարորդների ու քաղաքացիների կողմից, որոնք նյարդեր փչացրեցին, պաշտոնական կայքում հոդվածը գրելու պահին էլ ոչինչ չէր տեղադրել՝ ոչ իրազեկում, որ վաղն էլ է նույն վիճակը լինելու (այո-այո, վաղն էլ շարունակությունն է), ոչ էլ պարզաբանում, թե ինչպես այդպես ստացվեց, որ կիսամարաթոնը, որի մասին կես տարի շարունակ թմբկահարում էին, այդպես «աննկատ» կազմակերպվեց, փողոցները փակվեցին, բայց ոչ մեկս այդ մասին, փաստորեն, չպիտի իմանար:
Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. որպես վարորդ, որ մի կերպ է առավոտյան հասել աշխատանքի, բազմաթիվ խախտումներ թույլ տալով, քանի որ խցանումների ժամանակ ով, ինչպես հասնի քշում է, առավել ևս, որ պետավտոտեսուչները ոչ բոլոր փողոցներում էին կարգավորում երթևեկությունը (խեղճերն էլ տեղյակ չէին, որ Երևանի գլխին նման օյին է գալու), ես այժմ ահով եմ սպասում, թե քանի սպիտակ ծրար եմ ստանալու Ճանապարհային ոստիկանությունից՝ խաչմերուկներին ու ոչ միայն թույլ տված ՊԱՐՏԱԴՐՎԱԾ խախտումների համար:
Հարցը, ի դեպ, փակուղային էր նաև հենց Ոստիկանության համար: Եթե մինչ այդ, հարցիս առաջին հատվածը լսելով կառույցի հասարակայնության հետ կապերի վարչությունից շտապեցին պատասխանել, թե դա իրենց խնդիրը չի, պետք է դիմենք քաղաքապետարան և Սպորտի նախարարություն, ապա հարցի շարունակությունը՝ եթե ՃՈ-ից սպիտակ ծրար ստանամ խախտման մասին, ո՞վ է այդ երկու կառույցներից իմ փոխարեն վճարելու տուգանքը՝ քաղաքապետարանը, նախարարությունը կամ գուցե հենց ՃՈ-ն, խնդիր առաջացրեց Ոստիկանության ներկայացուցչի համար: Այսինքն՝ այդ ռակուրսով խնդրին չէին մոտեցել ու չէին հաշվարկել, որ եթե հասցեն տալիս են, թե ում գլխին զանգենք ու լափ թափենք օրն ու պլանները փչացնելու համար, ապա պետք է նաև բացատրեն, թե ով է բազմահազար վարորդների փոխարեն վճարելու իրենց անունով եկած տուգանքը, իսկ որ այդպիսիք այսօր բազմաթիվ են լինելու, որևէ մեկը, կարծում եմ, չի էլ կասկածում. ամենքն, ինչպես ասում են, իր գործն է անում, իսկ նման խախտումնաշատ օրը հաստատ տեսախցիկների այն կողմում նստած աշխատակիցները ձեռքներից բաց չեն թողնի, հետն էլ մի քանի ամսվա պլանը կկատարեն:
Aysor.am-ը դեռ սպասում է Ոստիկանության պատասխանին՝ ո՞վ է վճարելու տուգանքները՝ Երևանի քաղաքապետարանը, որ այս անգամ անկազմակերպ միջոցառման գլխին կանգնեց, Սպորտի նախարարությունը, որը դեռ պետք է պատասխան տա հենց միջոցառման՝ կիսամարաթոնի ընթացքը վատ կազմակերպելու համար, թե Ճանապարհային ոստիկանությունը, որը, անտեսելով այս բոլոր հանգամանքները, հանկարծ ու հանկարծ խախտումների ծանուցումները կուղարկի վարորդներին: