05/10/2015 11:35
Սա ոչ թե սոսկ մասնագիտական, այլ համամարդկային տոն է. Աժ նախագահ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Այն հիշեցում չէ որևէ մասնագիտության կամ աշխատանքի մասին, որովհետև ոչ թե սոսկ մասնագիտական, այլ էությամբ համամարդկային տոն է: Այն պետական տոնացույցի անդրադարձն է մարդկային մի տեսակի, ով ոչ թե աշխատում է դպրոցում, այլեւ ինքն էլ դպրոց է, ով ոչ միայն դասավանդում է, այլ նաեւ դաստիարակում, ոչ միայն կրթում է ու գիտելիք տալիս, այլեւ տարիներ շարունակ ուրվագծում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը դառնում է առաջին հիմնավոր ուղեցույցը մեր կյանքում:
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր մասնակցությամբ է գրվում հայրենիքի ու ժողովրդի, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի կյանքի պատմությունը: Դուք ձեւավորում եք թե՛ հաղթանակի ակունքը, թե՛ նրա արդյունքը, սովորեցնում երկիր սիրել ու պետություն կառուցել, քաղաքացի դառնալ ու զինվոր լինել, դպրոցը որպես տուն ընկալել, ընտանիքը՝ որպես հայրենիք եւ նվիրվել ու սիրել նրանց հավասարապես, պաշտպանել ու պահպանել նույն անկեղծությամբ: Այդ դասերի շնորհիվ հարատեւում է մեր ժողովուրդը, շարունակվում մեր երկրի չընդհատվող ընթացքը դեպի ավելի բարեկեցիկ ապագա, որի ե՛ւ հիմքը, ե՛ւ պատերը, ե՛ւ տանիքը կրկին կառուցվում են ձեր անմիջական մասնակցությամբ:
Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն»: