05/10/2015 13:23
Է. Նալբանդյան. ԼՂ հակամարտության հարցում միջազգային բոլոր ջանքերը պետք է համակարգել Մինսկի խմբի ձևաչափում
Այսօր, երբ մենք նշում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը սպառնացող մարտահրավերնեըը՝ ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո, թերևս այսքան սուր կերպով չեն ծառացել մարդկության առջև, ինչպես այժմ: Այս մասին այսօր Երևանում անցկացող «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչպես վերջերս նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ խաղաղապահության պահանջարկը երբեք այսքան բարձր չէր եղել, բայց նաև այն իրավիճակները, որտեղ տեղակայվում են խաղաղապահները՝ երբեք այսքան դժվարին չեն եղել»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծեց, որ այս համաժողովի քննարկումների թեմաները խիստ արդիական են, հատկապես այն պայմաններում, որ մարդկության առջև օրեցօր ծառանում են նոր, այդ թվում՝ զինված հակամարտություններ:
Նալբանդյանն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ շեշտելով՝ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
«Այնպես որ միջազգային հանրության բոլոր ջանքերը պետք է համակարգել հենց այս ձևաչափում»,-ասաց ԱԳ նախարարը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ սահմանային իրավիճակի կայունացմանն ու վստահության մթնոլորտի ձևավորմանը կնպաստի սահմանին ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը:
Ամփոփելով խոսքը՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց՝ աշխարհի յուրաքանչյուր հակամարտությունը պահանջում է առանձին, հասցեական մոտեցում:
Նշենք, որ «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 5-ից 6-ը:
«Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: Հայաստանի Հանրապետությունը՝ հանձինս ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ֆորումին անդամակցել է 2014թ.-ին: