05/10/2015 20:14
Որտեղ ես կամ, շահում են բոլորը. Էլլա Տարունցը «Ֆուլ հաուսում» իր մասնակցության և շոու-բիզնեսի մասին
Երգչուհի Էլլա Տարունցը, ով վերջին շրջանում նկարահանվում է նաև «Ֆուլ հաուս» սիթքոմում` Արսենի մոր կերպարում, այս օրերին կորպորատիվ միջոցառումների հրավերով գտնվում է երկրից դուրս: Aysor.am-ի այն հարցին, թե արդյոք շարունակական է լինելու կերպարը և չի՞ խանգարում ուղևորությունը նկարահանման ընթացքին, երգչուհին նշեց. «Այժմ ես կորպորատիվ հրավերներով տարբեր երկրներ եմ այցելում, մասնակցում եմ ծնունդ-կնունքների: Իսկ ֆիլմում իմ կերպարը շարունակական է: Ինչ վերաբերում է իմ բացակայությնը, ապա ասեմ՝ որտեղ ես կամ, շահում են բոլորը»:
Դժվար չէ՞ երգչուհու համար որպես դերասան ներկայանալը, և արդյոք մոր կերպարում լինելն առավել պատասխանատու չէ հարցին վերջինս պատասխանեց. «Կերպարն ինձ համար բարդ չէր մի քանի պատճառով. նախ, ես դերասանական կրթություն ունեմ, սիթքոմի անձնակազմն էլ ինձ շատ լավ ճանաչում է: Այստեղ ես Արսենի (Միհրան Ծառուկյան) հոգատար մայրիկին եմ ներկայացնում, իսկ կյանքում էլ «մամա» եմ, այն էլ շատ լավ մամա, ուսանող որդի ունեմ: Թեև, բնավորությամբ ես հոգատար եմ բոլորի նկատմամբ»:
Մեր զրուցակիցը հավատացրեց, որ ինքն անտարբեր է շոու-բիզնեսի դաշտում տիրող տարրաբնույթ խոսակցություններին, անգամ շրջանցում է վերջին շրջանում բուռն խոսակցության թեմա դարձած կոչումներն ու մայրաքաղաք Երևանի տոնակատարության շուրջ ծավալվող քննարկումները: «Ընդհանրապես, ես այդ կոչումներին չափազանց անտարբեր եմ վերաբերում: Իսկ այ տոները, գտնում եմ, որ պարտադիր պետք է նշվեն: Դրանք մեր ժողովրդին ոգևորելու ևս մեկ առիթ են: Այ, այսօրվա շոու-բիզնեսի, երգարվեստի մասին շատ վատ կարծիք ունեմ: Ենթադրում եմ, հուսով եմ՝ մի օր լավ կլինի: Թեև, ամեն ինչ այնքան անհույս է»,-եզրափակեց Էլլա Տարունցը: