05/10/2015 15:34
Թրանսփարենսի ինթերնեշնլը՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում է կայացրել ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին և ստեղծել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
Մասնագիտական հանձնաժողովը մշակել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դրանք ներկայացվել են նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), որն էլ 2014 թ. սեպտեմբերին ներկայացրել իր կարծիքը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, իսկ 2015 թ. օգոստոսին և սեպտեմբերին ՝ նախնական կարծիքը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի առանձին գլուխների վերաբերյալ: ՀՀ սահմանադրական փոփոխությունների տեքստի վերջնական և ավարտուն տարբերակը հրապարակվել է 2015 թ. օգոստոսի 21-ին՝ ներկայացվելով ՀՀ ազգային ժողով: Նախագիծը ներկայումս խորհրդարանական քննարկման փուլում է, իսկ հանրաքվեն, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի սկզբին:
ՀՀ սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հարցերի լայն շրջանակ, և բացի 1-ից և 2-րդ հոդվածներից մյուս բոլոր հոդվածներում կլինեն փոփոխություններ, ինչը հիմք է տալիս փոփոխությունների առաջարկն ավելի շուտ որակել որպես նոր սահմանադրություն, քան փոփոխություն: Եվ որ ամենակարևորն է, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է փոխել երկրի կառավարման համակարգը՝ կիսանախագահականից անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, ամրապնդել և կայուն դարձնել մեծամասնության իշխանությունը խորհրդարանում, արմատապես փոխել զսպումների և հակակշիռների մեխանիզմը, վերացնել պետության որոշ խիստ կարևոր պատարտականություններ և թուլացնել պետության դերը մարդու մի շարք իրավունքների պաշտպանության հարցում:
Չնայած երկրի կառավարման համակարգը փոխելու քաղաքական որևէ նախադրյալների կամ հանրային պահանջի բացակայությանը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի ու իրավունքի ոլորտի փորձագետների կտրուկ անհամաձայնությանը՝ իշխանությունների կողմից արագացված և ագրեսիվ կերպով առաջ է մղվում հանրաքվեի անցկացումը: Այդ ամենը, բնականաբար, հիմք են տալիս համոզվելու, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են գործող նախագահի՝ իշխանությանը մնալու ցանկությունը բավարարելու նպատակով՝ հաշվի առնելով, որ 2018թ.-ին լրանումն է նրա 2-րդ պաշտոնավարման ժամկետը, և նույն անձը չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն կտան շարունակել առաջնորդի իր դերակատարությունը ՀՀ ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում, ինչպես նաև ապահովել իր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մենաշնորհային իշխանությունը:
Լուրջ մտահոգություններ կան, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները գործել են շահերի բախման իրավիճակում, քանի որ ինն անդամներից վեցն անմիջականորեն կախված են նախագահ Սերժ Սարգսյանից: Ավելի կոնկրետ՝ հանձնաժողովի անդամներից երկուսը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից ղեկավարվող՝ իշխող ՀՀԿ անդամներ են (մեկը նաև ընգրկված է ՀՀԿ խորհրդում և ՀՀԿ գործադիր մարմնում): Երկուսը ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են և պաշտոնավարում են նախագահ Ս. Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո: Հանձնաժողովի մեկ այլ անդամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում Երևանի պետական համալսարանում, որի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն է: Հանձնաժողովի անդամներից է նաև ՀՀ գլխավոր դատախազը, որն իր պաշտոնում ընտրվել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի առաջադրմամբ ԱԺ-ի կողմից, որտեղ խորհրդարանական մեծամասնություն է կազմում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Ուստի, միանգամայն բնական է, որ տվյալ հանձնաժողովի կողմից առաջարկվող բարեփոխումներն ավելի շուտ նախագծված են ծառայելու գործող նախագահի, քան ժողովրդի ու հասարակության շահերին:
Չնայած, որ շարունակվում են քննարկումները ՀՀ սահմանադրական փոփոխությունների տարբեր ասպեկտների և, մասնավորապես, մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից դրանց հետևանքների վերաբերյալ՝ մենք կարծում ենք, որ առաջարկվող հանրաքվեն բացարձակապես անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝
• Առաջին, այն թելադրված չէ որևէ օբյեկտիվ անհրաժեշտությամբ, օրինակ՝ քաղաքական ճգնաժամով կամ հանրային պահանջով, որ կարողանար արդարացնել կառավարման համակարգի նման շուտափույթ փոփոխությունը: Եթե չկան օբյեկտիվ նախադրյալներ, նման հակասական փոփոխության շուրջ պետք էր առնվազն ծավալել համապարփակ ու երկարատև խորհրդակցություն քաղաքական ու քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցությամբ՝ հանգելու ընդհանուր կոնսենսուսի և հիմնավոր փաստարկման, ինչը տեղի չի ունեցել: Փոփոխությունների ամբողջական տեքստի հրապարակումից հետո Հայաստանի հասարակությանը փաստացիորեն ընդամենը 2 ամիս է հատկացված պետության մայր օրենքի փաստաթղթի վերաբերյալ արձագանք ներկայացնելու համար:
• Երկրորդ, սահմանադրական հանրաքվեն վիճակված է անցկացնել վստահության բացակայության պայմաններում, երբ առնչվող հարցումների արդյունքում՝ կանանց ընդամենը 13%-ը, իսկ տղամարդկանց 12%-ն է հավատում ընտրությունների ազնվությանը , իսկ քաղաքացիների մոտ 81%-ը նշել է, որ «բոլորովին չի վստահում» և «ավելի շուտ չի վստահում» սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Մինչդեռ իրական ժողովրդավարական երկրում պետության հիմնադիր փաստաթուղթը կարող է արմատական փոփոխությունների ենթարկվել միայն իշխանությունների ու նրանց նախաձեռնությունների նկատմամբ բարձր վստահություն ունենալու պարագայում: Եթե չկա վստահություն, հարցականի տակ է դրվում ցանկացած գործընթացի և ցանկացած արդյունքի լեգիտիմությունը:
Ի հավելումն իրավիճակի վերաբերյալ վերոնշյալի ՝ նախատեսվող հանրաքվեն չի համապատասխանում նաև հանրաքվեի միջազգային չափանիշներին, ինչը սահմանված է Վենետիկի հանձնաժողովի Հանրաքվեների անցկացման լավ /պրակտիկայի վերաբերյալ կանոնագրքով (անգլ.` Code of Good Practice on Referendums)՝ ելնելով ստորև նկարագրված պատճառներից: