05/10/2015 18:16
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր չէ. Հրանտ Բագրատյան
«Ո՞նց է հիմնավոր, եթե ինքը գնում է ՏԷՑ-ից թանկ հոսանքը առնում է, իսկ ՀԷԿ-երի հոսանքը չի առնում, թեև 2013 թ-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրով պարտավոր է առնել: Եթե նայում ենք, որ այդ խլամ, ոչ ճիշտ պայմանագիրը հարգել է, այդ տեսակետից հիմնավոր է, այսինքն` էժան հոսանքը թողած, գնում 40 դրամանոց հոսանք է առնում, երբ կարող ենք 4 դրամով էլի արտադրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով էլէներգիայի սակագնի բարձրացման մասին, ասաց ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, որ այդ տեսակետից իշխանությունները հավատարիմ են մնացել 2013-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրին, որը իրականում վնասակար է Հայաստանի համար:
«Այն, որ ՀԷՑ-ում աուդիտ չի եղել, ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, դա սպասելի էր: Աուդիտն ի՞նչ է. իրականում այն ոչինչ չի տա, բա՞ն է փոխվելու: Շատ-շատ ՀԷՑ-ին տա լծակներ՝ ներքին կարգուկանոն հաստատելու համար, բայց աուդիտը չի փոխելու հոսանքի գինը»,- նկատեց պատգամավորը:
Ըստ Բագրատյանի՝ ՀԷՑ-ի վաճառքով Տաշիր գրուպին «թեթև շանս» է ընձեռվում, որպեսզի նոր սեփականատերը թույլ չտա իրեն թալանել:
«Բայց դա հարցի 10%-ն է, 90%-ը էներգետիկ շուկան է, ճիշտ կառուցվածքային մեխանիզմը, որին մենք չենք գտել»,- ընդգծեց նա:
Հարցին՝ այդուհանդերձ գնի վերանայման կարիք կա՞, ՀԱԿ պատգամավորը կարծիք հայտնեց, թե սակագին ընդհանրապես չպետք է սահմանել: Նրա խոսքով՝ սակագինը պետք է շուկան սահմանի:
«Ամեն օր երեկոյան շուկայի մասնակիցները պետք է հավաքվեն և մյուս օրվա գին որոշեն: Ամսվա մեջ սակագինը կարող է մի քանի անգամ տատանվել՝ բարձրանալ և իջնել: Դա պետական մոնոպոլիա է, պետք է անցնել շուկայի, էդ հանձնաժողովն էլ պետք է փակել և դարձնել անկախ վարչություն»,-նշեց ՀԱԿ պատգամավորը:
Շարունակելով խոսքը՝ նա նկատեց, որ տարածաշրջանում էլեկտրաէներգիան ամենաթանկը Հայաստանում է. «1 կՎտ-ն արժե 48 դրամ, այն դեպքում, երբ ՌԴ-ում 22 դրամ է, Ուկրաինայում՝ 14 դրամ, Վրաստանում՝ 30 դրամ: Իսկ դա հետևանք է աննախադեպ բարձր կորուստների: Դա հետևանք է նրա, որ արտադրվող 6 մլրդ կՎտ հոսանքի 1,5 մլրդ-ը ապօրինի է վաճառվում է»,- ընդգծեց նա՝ հստակեցնելով, որ երբ պետական սեփականատերը դառնում է մասնավոր, այդտեղ դրական միտում կա, քանի որ 1,5 մլն անօրինական վաճառքը կարող է վերանալ կամ պակասել:
Ինչ վերաբերում է սուբսիդավորմանն, նա ասաց, որ այն սուբսիդավորմամբ, ինչ տեղի է ունենում, անվերահսկելի գործընթաց է սկսում:
«Եթե ուզում են սուբսիդավորել առաջին 250 կՎտ-ն, ուրեմն պետք է սուբսիդավորել բոլորին, որպեսզի սիստեմն աշխատի, բայց կսկսվեն չարաշահումներ, հետևաբար մի քանի ամիս հետո ստիպված են լինելու հրաժարվել այդ համակարգից»,-ասաց նա: