05/10/2015 12:06
Սեյրան Օհանյան. Մենք լսելով չէ, որ գիտենք խաղաղության արժեքը
Մենք լսելով չէ, որ գիտենք խաղաղության արժեքը: Այս մասին այսօր «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց՝ չնայած մեր սահմաններում ախոյանի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու օրախնդիր հարցերին մենք հաստատակամորեն ու հետևողականորեն զարգացնում ենք Հայաստանի Հանրապետության խաղաղապահ կարողությունները՝ հանուն տարածաշրջանային և միջազգային խաղաղության:
«Այսօր, երբ աշխարհում տիրող լարվածության կտրուկ աճով պայմանավորված միջազգային անվտանգությունը բախվում է նոր մարտահրավերների ու սպառնալիքների՝ գնալով աճում է խաղաղարարության դերն ու նշանակությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ 2004թ.-ի Հայաստանի խաղաղապահները ծառայություն են իրականացնում Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում, Մալիում:
«Աշխարհը գնալով դառնում է ավելի փոխկապակցված: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ցանկացած տարածաշրջանում առաջացած անկայունությունն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում և նոր մարտահրավերներ է առաջ քաշում ամբողջ աշխարհում»,- ասաց պաշտպանության նախարարն՝ ավելացնելով.
«Այսպիսի իրավիճակում խաղաղության ու կայունության սպառնալիքների բաժանումը ըստ տարածաշրջանների խիստ պայմանական է և այսօր արդեն տարածաշրջանային հիմնախնդիրները ստանում են միջազգային կարևորություն»:
Նշենք, որ «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 5-ից 6-ը:
«Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: Հայաստանի Հանրապետությունը՝ հանձինս ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ֆորումին անդամակցել է 2014թ.-ին: