05/10/2015 15:08
Մեծածավալ փոփոխություններ են իրականացվել մարդու հիմնական իրավունքների վերաբերյալ գլխում. Վարդան Պողոսյան
Սահմանադրական փոփոխություների նոր նախագծում ներառվել է նաև նոր՝ 154 հոդվածը, որը վերաբերում է տնտեսական ու ֆինանսական քաղաքականությանը: Այսօր ԱԺ-ում, ներկայացնելով Սահմանադրական նոր նախագիծն, այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահին առնթեր Սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոյանը:
Նա ընդգծեց, որ այդ հոդվածում ամրագրված է՝ կառավարությունն է կառավարում պետական սեփականությունը: «Համայնքային սեփականության մասին համապատասխան դրույթը կա Սահմանադրական փոփոխությունների 8-րդ գլխում»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ընտանիքի մասին փոփոխություններին, ապա, ըստ Վ. Պողոսյանի, այստեղ ևս կատարվել են շատ կարևոր ու լուրջ փոփոխություններ: Եվ չնայած այն բանին, որ այստեղ հակասություններ ու տարակարծություններ էին առաջացել, Վ. Պողոսյանը վստահեցրեց, որ նոր Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրվել է միայն այն, որ ոչ միայն ընտանիքը, այլև մայրությունը, մանկությունը անցնում է պետության հատուկ հսկողության և հովանավորության ներքո:
Հայկական Սփյուռքի հետ կապերին առնչվող հոդվածում ևս ամգրագրվել են որոշակի փոփոխություններ: Ըստ Վ. Պողոյսանի՝ ի թիվս այլ դրույթների, այստեղ որպես պետության պարտականություն ավելացել է Հայոց լեզվի զարգացմանն ուղղված նպաստող քայլերը:
Բավականին մեծածավալ փոփոխություններ են իրականացվել մարդու հիմնական իրավունքների վերաբերյալ գլխում: Ըստ հիմնական զեկույցողի՝ դրանք մի կողմից ճշգրտում են կարգավորվող սահմանադրական բոլոր իրավունքները, իսկ մյուս կողմից՝ մտցնում են այնպիսի հստակություններ, որոնք իրավակիրառական պրակտիկայում ավելի դյուրին կերպով կարող են կյանքի կոչվել: