05/10/2015 09:53
ԱԺ-ն սպասման մեջ է. Ով չի արդարացնի հույսերն այսօր
Ազգային Ժողովում այսօր կազմակերպվելու է քվեարկություն, որով նախատեսվում է վերջ դնել ԱԺ-ում նոր Սահմանադրության քննարկումներին: Եթե խորհրդարանը հավանության արժանացնի նախագիծը, ապա այլևս տեխնիկական հարցեր են մնում, որոնց ավարտը կազդարարվի հանրաքվեի անցկացմամբ: Արդեն իսկ քննարկվում է դեկտեմբերի 6-ը, որպես հանրաքվեի անցկացման օր:
Այսօրվա քվեարկությունը մի շարք ինտրիգային պահեր է պարունակում: Նախ, մինչև վերջին պահը հայտնի չէ, թե ինչպես է քվեարկելու «Օրինաց երկիրը», որը պնդում էր, որ եթե իր ներկայացրած առաջարկները չընդունվեն, ապա իրենք դեմ կքվեարկեն: ԲՀԿ-ի պարագայում ինտրիգը անհատային է` խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք կարծես թե հակված են դեմ քվեարկելուն, թեպետ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել: Այս դեպքում, եթե իսկապես որոշ ԲՀԿ-ականներ դեմ գնան խմբակցության որոշումը կատարելու հրահանգին, հասկանալի է, որ նրանց հարցը կքննարկվի խմբակցության առաջիկա նիստում: Դեմ քվեարկելուն կարծես հակված են Հայկ Խաչատրյանը, գուցե՝ նաև Էլինար Վարդանյանը:
ՀԱԿ-ում ևս դժգոհություններ են հասունանում, քանի որ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով գնաց նախագահական ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկեց նոր Սահմանադրության նախագիծը, հակված է գործը մինչև վերջ տանել ու կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Սա, ինչպես ավելի վաղ արդեն գրել էինք, ՀԱԿ անդամների սրտով չէ և անգամ խոսակցություններ կային, որ «կողմ» քվեարկելու դեպքում Լ.Սարգսյանին ՀԱԿ-ից հեռացնելու հարց է հասունանալու… Լ.Սարգսյանը, սակայն, այս ամենին մինչ օրս պատասխանում էր, որ իրեն վախեցնել ու ճնշել հնարավոր չէ, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն ԱԺ ամենաշատ տրանսֆորմացիաների ենթարկվող խմբակցությունում կերևա արդեն օրվա երկրորդ կեսին` քվեարկությունից հետո:
Իսկ ահա ՀՀԿ-ականների խնդիրը մեկ այլ հարթության մեջ է` ապահովել ՀՀԿ-ականների 100 տոկոս մասնակցություն այսօրվա նիստին… թեպետ անգամ եթե բացականեր էլ լինեն, մյուս ուժերի «կողմ» քվեարկելը օգնության կհասնի: