05/10/2015 09:42
Խաղողի մթերման գինն այս տարի լուծում չուներ. Բերքն առատ էր. Գինեգործ
«Խաղողի մթերման պիկն անցավ. Մթերվել է խաղողի 60 տոկոսը»: Այս մասին Aysor.am-ին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ըստ նրա՝ մթերման հարցում երկու խնդիր կար` մթերել ընդհանրապես և մթերել նորմալ գներով. Առաջին խնդիրը լուծվեց, երկրորդը` ոչ. «Մթերման գինն այս տարի լուծում չուներ, քանի որ խաղողի բերքն այս տարի առատ էր, և գինն իջնելու էր»:
Հարցին, թե մեզ ահազանգում են, որ որոշ տեղերում խաղողն անգամ 100 դրամով է մթերվել, նման տեղեկություն ունի՞ միությունը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ լսել է մեկ կգ-ն 120 դրամով մթերելու մասին, նաև նշեց, որ խաղողով բեռնված մեքենաները երկար կանգնել են գործարանների մոտ` սպասելով մթերմանը, այդ ընթացքում խաղողի որակն ընկել է և մթերման գինը նվազել է:
Նա հիշեցրեց, որ խորհրդային շրջանում գինու գործարանները բացվում էին մեկ օրում, ոչ ոք դրանցի շուտ չէր բացում, իսկ այժմ այդպես չէ. Երևանի կոնյակի գործարանին խաղողը շուտ է պետք` շուտ է մթերում. այս իրավիճակը խաղողագործների մոտ խուճապ է առաջացնում, բոլորն ուզում են արագ իրացնել խաղողը, իսկ գործարանների մի մասը պատրաստ չէ դրան և սկսվում է չպլանավորված բերքահավաք:
Գինեգործը կառավարությանն առաջիկա տարվա համար լուծում է առաջարկում` նախ եռակողմ համագործակցություն` արտադրողի, մթերողի և կառավարության միջև. «Օրենսդրական բաց կա և նախ կառավարությունը պետք է կանոնակարգի այս շղթան, լինի գրաֆիկ, որ գործարանին ինչ շաքարայնության խաղող է պետք, երբ խաղողաքաղ կատարեն: Գործարանները պետք է կարգավորեն իրենց աշխատանքը, վճարեն, իսկ խաղողագործները պետք է դիվերսիֆիկանցնեն խաղողի այգիները, տարբեր սորտեր տնկեն»;
Նա առաջարկում է լուծել կոոպերացիայի խնդիրը` պետության հովանու ներքո ստեղծել կոոպերացիոն խաղողի վերամշակման գործարան, որը կմեղմի իրավիճակը. Ունենալով 7-8 կոոպերատիվ գինու գործարան` խնդիրը կլուծվի. խաղողագործները վստահություն կունենան, որ մենակ չեն, պետությունն իրենց կողքին է: Ըստ Ավագ Հարությունյանը՝ պետք է նաև մարզպետարանների գյուղվարչություններին աշխատանքային լծակ տրամարդել` լուծելու մթերման խնդիրները: