05/10/2015 20:49
ԲՀԿ-ական. Եթե ոմանց համար «թռնելը» սկզբունքայնության հոմանիշն է, ապա ողջունում ենք բառարանը հարստացնելու համար
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը այսօր ԱԺ նիստին ու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման քվեարկությանը չէին մասնակցում, սակայն անմիջապես քվեարկության ավարտից հետո սոցիալական ցանցերի միջոցով հանդես էին եկել հայտարարությամբ, թե Սահմանադրական բարեփոխումների մասով իրենց դիրքորոշումը չի փոխվել: Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներին տված հարցազրույցներից այնպիսի տպավորություն էր, թե նրանց չներկայանալը ԱԺ նիստին թերևս հավասարազոր է «ոչ» ասելուն… ինչն ավելի քան տարօրինակ է:
Aysor.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակին անդրադարձավ նաև ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հրաչյա Բասմաջյանը` նշելով, որ իր հայտարարությունը ոչ այնքան ուղղված է ԲՀԿ-ական այդ պատգամավորներին, որքան նրանց պաշտպաններին.
«Սկզբունքայնությունը` գալ ԱԺ դահլիճ և սեփական տեսակետը քվեարկությամբ հայտնելն է, ինչը լրատվամիջոցներից մեկի բնորոշմամբ «հերոսական» այդ անձիք չեն արել։ Նրանցից երկուսը ընդամենը բավարարվել են սոցիալական ցանցերում վախվորած հայտարարություններ անելով։ Եթե այդքան վճռական էին, որևէ մեկը նրանց չէր արգելել գալ ԱԺ և քվեարկել իրենց սկզբունքներին համաձայն։ Ինչ վերաբերվում է Նաիրա Զոհրաբյանին, ապա ամենամեծ ցանկության դեպքում անգամ վերջինս չէր կարող «այո» կամ «ոչ» ասել իր քվեարկությամբ, որովհետև բացակայում է Հայաստանից։
Մենք հասկանում ենք, որ այդ լրատվամիջոցը ողջ կյանքում առաջնորդվել է գեբելսյան քարոզչությամբ, որ սուտը, երբ այն կրկնում ես պարբերաբար, սկսում է ճշմարտության տեղ անցնել: Սակայն ճշմարտությունը մեկն է. եթե իրենց կողմից նշված «հերոսական» անձիք այդքան սկզբունքային էին, ապա, կրկնում եմ, պարտավոր էին գալ և քվեարկել դեմ: Իսկ եթե իրենց համար «թռնելը» սկզբունքայնության հոմանիշն է, ապա ողջունում ենք իրենց հոմանիշների բառարանը նոր տերմինալոգիայով հարստացնելու համար»: