05/10/2015 14:16
Լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը
Հոկտեմբերի 3-ից 5-ը կայացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այցն Իրան։
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարար Զախարյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի և Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ։
Համիդ Չիտչիանի հետ հանդիպման ընթացքում նախարար Զախարյանն անդրադարձել է երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող հարցերին։
Նախարար Զանգանեի հետ քննարկվել են Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումից հետո գազի և էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման խնդրին։
Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպմանը նախարար Զախարյանը գոհունակությամբ նշել է, որ բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը և շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան և հույս հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։