05/10/2015 20:02
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահության իր ներգրավվածությանը. Էդ. Նալբանդյան
Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է ՄԱԿ-ի առաջնորդող դերակատարությունը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահության իր ներգրավվածությանն ու հետևողականորեն ամրապնդում է համապատասխան կարողությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդմոն Մյուլեն արձանագրեց, որ աշխարհում հակամարտությունների թվի աճին զուգընթաց ավելացել է խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությանը։ Այդ համատեքստում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը տարբեր երկրներում խաղաղության աջակցության ուժերին։
Նախարարն իր խոսքում նշել է նաև, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության աշխարհագրությունը՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, Լիբանան, Մալի, վկայում է այն կարևորության մասին, որին Հայաստանը տալիս է՝ աշխարհում խաղաղության պահպանման գործում։ ՆաԼբանդյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը շնորհակալ է Միացյալ Նահանգներին, Հունաստանին, Իտալիային և Գերմանիային Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցության համար և շեշտել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններից է կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացումը:
Այդ առումով նախարարը նա կարևորել է հատկապես ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահության տնօրինության հետ՝ 2012թ. ստորագրված Հուշագրի շրջանակներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Նյու Յորքում ս.թ. սեպտեմբերի 28-ին կայացած Խաղաղապահության հարցերով առաջնորդների գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ, որի համատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի Նախագահի մասնակցությունը վերոհիշյալ գագաթաժողովին։