05/10/2015 20:27
Քաղցրաշենցին 7 տոննա խաղողը թափել է ճանապարհին. Չեն մթերել
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչ Անդրանիկ Մովսիսյանն այսօր առավոտյան 7 տոննա խաղող թափել է գյուղամիջի ճանապարհին, քանի որ 4 օր հերթ կանգնելով Քաղցրաշենի գինու և կոնյակի գործարանի մոտ, չի կարողացել խաղողը իրացնել. Գործարանը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ խաղողը թթվել է:
Aysor.am-ի հետ զրույցում Անդրանիկ Մովսիսյանը պատմեց, որ հոկտեմբերի 1-ին խաղողը քաղել են, տարել են գործարանի մոտ հերթ կանգնել:
«Հերթս հասավ էսօր, մտել եմ գործարան, էս ընթացքում երկու անգամ ուժեղ անձրև եկավ, մտել եմ, մեքենայի տակից անձրևաջուր էր թափվում, էդ վերցրել են, ստուգել են, ասում են քաղցրությունը չի համապատասխանում: Փոխանակ խաղողը ստուգեն, թափվող անձրևաջուրն են ստուգում: Մի ավտոն վերցրին, մի տոննա էլ վրայից կտրեցին, հաշվեցին` 90 դրամով, էն մյուս մեքնենան ընդհանրապես չվեցրին. Ասում են՝ խաղողը թթվել ա»,- պատմեց խաղողագործը:
Նրան դուրս են հրավիրել գործարանից, Ա. Մովսիսյանը ստիպված տարել է մեկ բեռանտար բարձած խաղողը թափել է գյուղամիջյան ճանապարհին:
«Իրանց մեղքով ա թթվել, եթե թթվել ա, վարորդին էլ վարձել էի, ինչ անեի. Ո՛չ տուն ունեմ, ո՛չ բան, ո՞ւր տանեմ խաղողը, տարա թափեցի, մեքենան տվեցի վարորդին տանի: Մեծ ընտանիք ունեմ, բայց տուն չունեմ, խաղողը տանեի` ո՞ւր լցնեի, տեղ չունեմ: Հույս ունեի՝ մի հատ դոմիկ մեկ էլ ցախ առնեի, էս տարի, հիմա ոնց եմ ապրելու` չգիտեմ».- ասաց նա:
«Ժողովրդի կեսին տալիս են 50 դրամ, 70 դրամ. Տալիս են` ում ինչքան ուզում են»,- ասաց Անդրանիկ Մովսիսյանը:
Ըստ քաղցրաշենցու՝ հերթ կանգնած խաղողագործներից էլի մարդկանց են հերթից հանել, խաղողը չեն վերցրել, իսկ ինքը չի կարողացել այլ գործարան տանել, քանի որ մեքնենան իր սեփականը չէր, իսկ գործարանի հետ պայմանագիր չունի:
«Գումարած դրան՝ 4 քաղող բանվոր եմ վարձել, երկու հատ կրող, ես էլ հետները: Խաղողի մի ռեյսը 100 000 փող նստեց իմ վրա: Մինուճար տղես պայմանագրային ա, Ղարաբաղում ա ծառայում՝ արդեն 6 տարի, հիմա որ զանգեց, ի՞նչ եմ ասելու, ոնց ասեմ, որ քո աշխատանքը տարել թափել եմ ջուրը»,- ասաց քաղցրաշենցին:
Նշենք, որ այս օրերին Արարատի մարզում խաղողագործները մի քանի անգամ փակել են Արարատ Երևան ճանապարհը` պահանջելով լուծել մթերման խնդիրները: Խաղողագործները օրերով հերթ են կանգնում գործարանների դիմաց` սպասելով մթերման: