05/10/2015 14:38
ՀԷՑ-ի վաճառքը ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաընդունելի տարբերակն էր
Արդեն պարզ էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի ենթակայության տակ թողնելով, ոչ միայն համակարգի նորմալ գործունեության, այլև այդ համակարգի ինքնաոչնչացման ռիսկի ենք ենթարկում: Ռուսական ընկերությունը ըստ էության չլուծեց ՀԷՑ-ի բարելավման և արդիականացման ոչ մի խնդիր և թողեց խորը ֆինանսական ճգնաժամի մեջ խրված, հսկայական պարտք ունեցող, տեխնիկապես և բարոյապես հնացած մի կառույց, որի անարդյունավետ գործունեությունը նաև Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգին հասցրեց ճգնաժամի:
Այս իրավիճակից դուրս գալու համար, կամ պետք էր ազգայնացվեր ՀԷՑ-ը, ինչպես առաջարկում էին որոշ տնտեսագետներ, կամ ռուսները պետք է համաձայնվեին այն վաճառել այլ օտարերկրյա ընկերությունների: Իհարկե նաև վտանգ կար, որ ռուսները կշարունակեն իրենց վերահսկողության տակ պահել այս կարևոր հայաստանյան ակտիվը:
Օտարերկրյա ընկերությունների համար ՀԷՑ-ը այնքան էլ գրավիչ ակտիվ չէր, բացի այդ ռուսները դժվար թե համաձայնվեին այն վաճառել որևէ արևմտյան ընկերության: Ինքս կողմ լինելով այն բանին, որ ռազմավարական նշանակության ձեռնարկությունները պետք է գտնվեն պետական վերահսկողության տակ, այնուամենայնիվ նշված իրավիճակում պետական հսկողության տակ ՀԷՑ-ի անցնելը, ոչ մի բան չէր փոխելու, եթե ոչ ավելի էր խորացնելու առկա խնդիները:
Ստեղծված իրավիճակում, ՀԷՑ-ի վաճառքը «Տաշիր Գրուպին» վատ լուծում չէր: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Տաշիր գրուպ»-ին էին դիմել Հայաստանի իշխանությունները՝ քննարկելու էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը: Եվ այսպես գործարքը կայացավ, «Ինտեր ՌԱՕ»-ի և «Տաշիր Գրուպի» միջև կնքված պայմանագրի համաձայն «ՀԷՑ»-ի 100% բաժնետոմսերը վաճառվել են «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է «Տաշիր Գրուպին»:
Նոր բաժնետերը պարտավորվում է նվազեցնել ՀԷՑ-ի տեխնոլոգիական կորուստները ոչ պակաս 2 %-ով, 2014-2015թ. փաստացի կորուստների համեմատ: Պարտավորվում է նաև թույլ չտալ ավելացնել «անհուսալի դեբիտորական պարտավորությունները» 2014-2015թ. փաստացի ցուցանիշների համեմատ և ՀԷՑ-ում 5 տարվա մեջ ներդնել ISO ստանդարտներ: Նախատեսվում են լուրջ ներդրումներ և նոր տեխնոլոգիաների կիրառում, որպեսզի նախ և առաջ հնարավոր լինի նվազեցնել կորուստները: Հայտարարվել է, որ «Տաշիր Գրուպը» մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով բնակչության և փոքր բիզնեսի համար փոխհատուցելու է սակագների տարբերությունը:
Բնականաբար, արագ արդյունքներ նոր սեփականատերից սպասել իրատեսական չէ՝ բարդ և քայքայված համակարգի վերականգնումը հեշտ չի լինելու: Սակայն «Տաշիր խմբի» մեջ էներգետիկ կառավարմամբ զբաղվող կառույցներ կան, իսկ դա լավատեսություն է ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում ընկերությունը կարող է առողջացնել համակարգը: