05/10/2015 14:52
Որսագողության դեպքերը կրճատվել են. Կարեն Մանվելյան
«Կենսաբազմազանությունը պահպանելու շնորհիվ կարելի է շատ օգուտներ քաղել»,- այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը՝ հիշեցնելով, որ 2010թ-ին հրատարակվել է Հայաստանի Կարմիր գիրքը:
Նաև հիշեցրեց, որ գիրքը կազմելու ժամանակ առաջնորդվել են Բնության պահպանության միջազգային չափորոշիչներով. Հայաստանի Կրամիր գրքում ընդգրկված են կրիտիկական, վտանգված և խոցելի կենդանատեսկաները:
«Կարմիր գիրքը յուրօրինակ իրավական փաստաթուղթ է, որը մեզ մղում է էնդեմիկ և անհետացող կենդանատեսակների վրա առավել ուշադրություն դարձնելուն»,- ասաց ԲՆ ներկայացուցիչը:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը իր հերթին նշեց, որ բնապահպանական առումով վերջին 10-15 տարում իրավիճակը բավականին փոխվել է, Հայաստանում ստեղծվել են «Արևիկ», «Զանգեզուր» ազգային պարկերը, որոնք վտանգի տակ գտնվող կենդանիների արգելավայեր են:
«Այսօր մենք իրականացնում ենք նոր ծրագիր՝ «Տաթև» ազգային պարկի ստեղծումը Տաթևի տարածքում»,-ասաց Կարեն Մանվելյանը:
Նա նաև շեշտեց, որ կրճատվել է որսագողության դեպքերը, սակայն մեծ ուշադրություն պետք է դարձնել կենդանիների ապրելավայրերին, քանի որ տեղերի պակասից է, որ նրանք գալիս են դեպի մարդկանց բնակատեղիները: