05/10/2015 20:38
Սիրիա. Պատերազմ ոչ թե ընդդեմ ահաբեկչության, այլ հանուն սեփական շահերի
Ռուսաստանը Սիրիայում հայտնվեց ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Համենայնդեպս, եթե դատելու լինենք նույն Իրաքի իշխանությունների արձագանքից, ապա պաշտոնական Մոսկվայի կողմից իրականացվող ռազմական գործողությունը Սիրիայում հիմնականում ծառայում է հայտարարված նպատակին, այն է՝ պայքարը «Իսլամական պետության» դեմ: Ասենք, նման եզրահանգման կարելի է գալ ոչ միայն իրաքցիների արձագանքից: Ռուսական ավիաուժի առաջին իսկ հարվածներից հետո ամենաբարձրը սկսեցին աղմկել ոչ թե ու ոչ այնքան ամերիկացիները, որոնք ցանկանում էին Սիրիայի երկնքում թռիչքներից զերծ գոտի ստեղծել (նման մի բան ժամանակին արվեց Լիբիայում), որքան Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք էլ, ի դեպ, համարվում են ԻՊ-ի հիմնական ֆինանսական ու նյութա-տեխնիկական մատակարարները: Եվ սա բնավ պատահական չէ:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանը Սիրիայում միայնակ չէ և հենց դա է, ասենք, Դոմբասի կամ Լուգանսկի և սիրիական ռազմական գործողության հիմնական տարբերություններից մեկը: Գոնե նախնական տեղեկություններով, առաջիկայում իսլամիստների դեմ ցամաքային ռազմական գործողություններում կարող են ներգրավվել նաև Իրանի զինված ուժերը, ինչը, Սիրայի և մասամբ նաև Իրաքի իշխանությունների հետ գործակցության պայմաններում արդեն կարող է կոչվել «կոալիցիա»: Այսինքն, եթե ուկրաինական իրադարձություններում Կրեմլը հայտնվել էր «հպարտ» միայնության մեջ, ապա այս դեպքում Մոսկվային մեկուսացնելու մասին խոսակցությունները փոքր-ինչ չափազանցված են:
Այսուհանդերձ, երբ Ռուսաստանը պնդում է, թե Սիրիայում իր գործողություններն ուղղված են միայն ու բացառապես «Իսլամական պետության» դեմ, դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ռուսական ավիահարվածների թիրախ են ոչ միայն իսլամիստներն, այլև «չափավոր ընդդիմության» այն խմբավորումները, որոնք առավել հաջող են գործում Սիրիայի նախագահ Ասադին հավատարիմ մնացած զորքերի դեմ՝ դրանով իսկ հարվածի տակ առնելով Սիրիայում բուն Ռուսաստանի շահերը: Այսպիսով Մոսկվան, ըստ էության, փորձում է ոչ միայն իշխանության ղեկը թողնել (գոնե առժամանակ) իր դաշնակից Ասադին, այլև անհաղթահարելի պատնեշ դառնալ ընդդիմության, ահաբեկիչների և դեպի Միջերկրական ծով տանող հիմնական դարպասի՝ Լաթաքիայի միջև: Ուղղակի որպես հիշեցում. մինչ 1992 թվականն այստեղ էր գտնվում Միջերկրական ծովում ԽՍՀՄ միակ ռազմածովային բազան և, բացի այդ, հենց Լաթաքիան է Ասադի իշխանության «սիրտը»: Այնպես որ, այս դեպքում Ռուսաստանը համադրում է օգտակարը (իր համար) հաճելիի (Ասադի համար) հետ:
Ի դեպ, Թուրքիայի բարձրացրած աղմուկը կապված է հենց Լաթաքիայի հետ: Նույնպես որպես հիշեցում. 2014 թվականի մարտին Թուրքիայի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումները հայաբնակ Քեսաբի կողմից սկսեցին հարձակումը Լաթաքիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ոչ միայն հսկողության տակ առնել Սիրիայի արևմտյան դարպասն, այլև, գրավելով ալևիներով բնակեցված մարզը, կոտրել Ասադի իշխանության ողնաշարը: Փորձն այն ժամանակ չհաջողվեց, սակայն վերջին տեղեկություններով Թուրքիան նախատեսում էր նոր հարձակում իրականացնել և ռուսական օդուժը, փաստորեն, կանխեց նաև այս ծրագիրը:
Այս ամենը հաշվի առնելով պետք է հասկանալ, որ այս պահին Սիրիայում իրականացվում է բազմաքայլ կոմբինացիա, որի մասնակիցների գործողությունները միակողմանիորեն գնահատել ուղղակի հնարավոր չէ: Խաղի մասնակիցներից յուրաքանչյուրն ունի սեփական շահեր, որոնք բացարձակապես կապ չունեն ժողովրդավարական արժեքների հաստատման կամ Սիրիան սոսկ ահաբեկիչներից փրկելու ազդարարված նպատակների հետ: Իսկ սա նշանակում է, որ դատավոր դառնալու իրավունք էլ կողմերից որևէ մեկը այլևս չունի: