05/10/2015 16:34
Վ. Բաբայան. Պատգամավորներն ունեին հրաշալի հնարավորություն՝ ԱԺ դահլիճում հրապարակավ հայտնել իրենց դիրքորոշումը
«Մինչև այս պահը խմբակցության ղեկավարին ու խմբակցությանը իրենց դիրքորոշման մասին տեղյակ չի պահվել: Թե պաշտոնապես, թե ոչ պաշտոնապես մենք տեղյակ չենք եղել ու այս պահին էլ տեղյակ չենք իրենց դիրքորոշումից, քանի որ առ այս պահը նրանք չեն ասել ոչ «այո», ոչ էլ «ոչ» սահմանադրական փոփոխություններին: Ընդամենը ինչ-որ անհասկանալի ձևակերպում է, թե «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումը մնում է անփոփոխ»»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի դիրքորոշումն ու քայլերը:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեց նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը, որն ընդունվեց: Քվեարկությունից քիչ անց ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը սոցիալական ցանցի միջոցով հանրությանը տեղյակ պահեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու իրենց այդ որոշումը գուցե վախեցան արտահայտել հենց ԱԺ-ում, ինչը իրենց լիազորությունների մեջ է մտնում:
Վահան Բաբայանը նշեց, որ իր համար խիստ անհասկանալի է պատգամավորի նման գործելաոճը՝ արտահայտել սեփական տեսակետը Facebook-ի կամ ինչ-որ ԶԼՄ միջոցով.
«Սա այն դեպքում, երբ պատգամավորները ունեին այսօր հրաշալի հնարավորություն գալ ԱԺ դահլիճ և հրապարակավ հայտնել իրենց դիրքորոշման մասին: Մնացած հարցերով, ինչպես ասում են, no comment»:
Նա կրկնեց, որ պատգամավորների դիրքորոշումը մնում է անհասկանալի, քանի որ սոցիալական ցանցերում գրառումները թերևս չեն բացատրում իրենց դիրքորոշումը: Իսկ այն, որ թե խմբակցությանը ղեկավարությանը, թե խմբակցությանն առհասարակ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը նախագծի վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել, փաստ է:
Հարցին՝ ի՞նչ որոշում կկայացնի ԲՀԿ խմբակցությունը այս երկու պատգամավորների հետագա ճակատագրի հետ կապված, Վ.Բաբայանն ասաց, որ այս պահին զերծ է մնում ինչ-որ կանխատեսումներից, բայց այն կարծիքին է, որ այս մոտեցումները անշուշտ քննարկման արժանի մոտեցումներ են.
«Թե հետագայում ինչ քննարկումներ կլինեն, մենք պատշաճ կտեղեկացնենք»: