05/10/2015 15:52
Կռվից հետո բռունցքներով չեն թափահարում. Փնտրվում են Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը
Քիչ առաջ Ազգային ժողովը քվեարկության դրեց նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցը, որն ընդունվեց՝ 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ինտրիգը, թերևս, նրանում է, որ որոշ պատգամավորներ իրենց կարծիքը Ազգային ժողովի դահլիճում արտահայտելու փոխարեն, ինչը իրենց ուղղակի պարտականությունն է, ընտրեցին «գող փիսոյի» քաղաքականությունը՝ չմասնակցել նիստին, չքվեարկել, իսկ հետո, ինչպես ասում է ժողովուրդը, թափահարել բռունցքներով:
Խոսքը, մասնավորապես, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի մասին է: Երկու այս պատգամավորները ի վերջ որոշում կայացրեցին չգալ այսօրվա վճռորոշ նիստին ու թեև հստակ «ոչ» էին ասելու, ինչպես դա պարզվեց ավելի ուշ, բայց որոշեցին այդ «ոչը» ասել հեռվից… տեսնես ինչի՞ց էին վախենում:
Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը արդեն քվեարկությունից հետո Facebook-յան իր էջում գրառել է.
«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ»:
Իսկ Ստեփան Մարգարյանը հարցազրույցում ասել է, որ «երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ տնտեսական, սոցիալական և այլ բնույթի: Դրանց լուծումը որևէ կերպ կապված չէ Սահմանադրության հետ: Այդ իսկ պատճառով ներկայիս Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իմ դիրքորոշումը չի փոխվել»:
Այստեղ հարցը ոչ այնքան նրանում է, թե ինչու են պատգամավորները դեմ, որքան նրանում, թե ինչու են նման փախեփախ մարտավարություն ընտրել. Ի՞նչ է նշանակում չգալ քվեարկության և հետո դիրքորոշման մասին հայտնել նման ճանապարհով: Գուցե պատգամավորներին առևանգե՞լ էին, և այդ պատճառով նրանց հնարավորություն չի ընձեռվել գալ ԱԺ՝ աշխատանքի, կատարել իրենց պարտականությունը:
Սովորաբար նման մարտավարություն ընտրում են այն մարդիկ, ովքեր վախենում են հետագայից կամ իրենց որոշումներում այնքան էլ վստահ չեն, իսկ այս տարբերակը՝ ծպտվել, հետո էլ հայտարարել, թե դեմ են, այն էլ՝ սոցիալական ցանցերում գրառումների միջոցով. ուղղակի հրաշալի լուծում է:
Հույս ունենք նաև, որ նրանց մուտքը ԱԺ ևս չի խոչընդոտվել հարազատ կուսակցության ներկայացուցիչների կողմից, իսկ քանի որ դա այդպես չէ, քանզի այդ մասին հայտարարությունն արդեն արված կլիներ, ապա առնվազն անհարգալից է թե ընտրողների, թե կուսակից գործընկերների հանդեպ նման վարքագիծը՝ մինչև վերջին օրը ծպտվել, իսկ սեփական դիրքորոշումն էլ հայտնել հեռու-հեռվից:
Аysor.am-ը փորձեց կապ հաստատել ԲՀԿ-ական երկու պատգամավորների հետ, որպեսզի ճշտի իրենց չներկայանալու ու հեռվից կարծիք հայտնելու որոշման մանրամասները, սակայն թե՛ Էլինար Վարդանյանը, թե՛ Ստեփան Մարգարյանը, ինչպես վերջին շրջանում արդեն օրինաչափություն է դարձել, մեր հեռախոսազանգերը թողեցին անպատասխան: