05/10/2015 14:25
Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և արտացոլի ժողովրդի կամքը
«Վենետիկի հանձնաժողովը չէ, որ պետք է որոշի` արդյոք պահը հարմա՞ր է սահմանադրական այս փոփոխությունների համար, թե ոչ: Անկախ դրդապատճառներից, բարեփոխումը հիասքանչ նախաձեռնություն է, եթե այն համապատասխանում է եվրոպական արժեքներին»: Այս մասին ասված է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի նամակում, որը քիչ առաջ ԱԺ-ում ընթերցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ուղերձում նաև ասված էր, որ եթե ձեռք է բերվել քաղաքական լայն փոխհամաձայնություն և եթե պատգամավորները որոշեն ընդունել այս փոփոխությունները, ապա բարեփոխումն իրագործելու կամ չիրագործելու վերջնական որոշումը հայ ժողովրդինն է` հանրաքվեի միջոցով.
«Ինձ մնում է միայն ընդգծել, որ այս հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և արտացոլի ժողովրդի կամքը»,- ասված է ուղերձում:
Ջ.Բուքիքիոն ընդգծել է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները Հայաստանի Սահմանադրության մասնիկն են: