06/10/2015 18:04
Երկրի համար կենսական անհրաժեշտությունը ոչ թե բարեփոխումերն են, այլ՝ դրանց լուծում տալը. ՕԵԿ պատգամավոր
Ոչ գործող Սահմանադրությունը, և ոչ էլ երկրի կիսանախագահական համակարգը չեն պատճառը, որ Հայաստանում օրեցօր ավելանում են աղքատությունը, արտագաղթն ու գործազրկությունը: Այսօր ԱԺ հայտարարությնների ժամին նման համոզմունք հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Վերջինիս խոսքով՝ այսօր հարյուրավոր խանութներ, մանր ու միջին ձեռնարկություններ փակվում են՝ անահավասար մրցակցությանը զոհ դառնալով: «Ի՞նչ է, գործող Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ գնալով երկրում ավելանում է անարդարությունն ու անտարբերությունը, որ ծայրաստիճան վտանգավոր է դառնում քրեածին իրավիճակը, որ իր գագաթնակետին է հասել ամենթողությունը, որ օրը ցերեկով մարդիկ իրար են գնդակահարում, որ գրեթե ամեն օր ինքնասպանության դեպք է գրանցվում, որ աշակերտ չլինելու պատճառով տասնյակ դպրոցներ են փակվում, որ հազարավոր ծերեր ու երեխաներ շաբաթվա որոշ օրերի սոված են քնում»,- հարցրեց պատգամավորը:
Նա նկատեց, որ պետական պարտքն անցել է արդեն 5 մլրդի շեմը, ինչը մտահոգիչ է դառնում: «Ի՞նչ է, գործող Սահմանադրությունն է մեղավոր, որ գյուղատնտեսությունը հայտնվել է ծայրաստիճան ծանր վիճակում, որ գյուղացին կրակն է ընկել իր արտադրած կաթի, խաղողի բերք ու բարիքի ձեռքը: Զավեշտալի է, բայց փաստ՝ 1 լիտր սեղանի ջուրը 2.5 անգամ ավելի թանկ է, քան՝ 1 լիտր կաթը»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ երկրի համար կենսական անհրաժեշտությունն այսօր ոչ թե սահմանադրական բարեփոխումերն են, այլ՝ այդ խնդիրներին լավագույն լուծում տալը:
«Գնացքն արդեն վաղուց գնացել է, և այդ գործընթացը սկսվել է, սակայն դրա շահառուն մենք չենք»,- հայտարարեց նա:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը շեշտեց, սակայն, որ ՕԵԿ-ը չէր էլ կարող անտարբեր լինել այդ գործընթացին և հենց սկզբից և ՕԵԿ-ը, և թե Հայակական Վերածնունդ քաղաքացիական նախաձեռնության 140 ՀԿ-ները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ներկայացրեցին մի շարք առաջարկներ, որոնց մի մասն ընդգրկվել է դրանցում, իսկ մի մասը՝ ոչ:
«Մենք հասանք նրան, որ սահմանադրորեն պաշտպանվի ոչ միայն մասնավոր, այլ՝ պետական ու համայնքային սեփականությունը: Ավելին՝ երկրի ընդերքը համարվի պետական սեփականություն: Մեզ հաջողվեց փոփոխություններ մտցնել ինքնաբուխ հավաքների օրենքներում: Մենք հասանք նրան, որ ՏԻՄ ընտրությունների իրավունքը տրվի բացառապես ՀՀ քաղաքացիներին: Վերացվեց ՀՀ քաղաքացիներին սեփականությունից զրկելու իրավունքի դատարանի իմպերակտիվ որոշումը, գերակա շահի սուբյեկտ ճանաչվեց հանրությունը, վերացվեց նախագահի ընտրությանը մասնակցող ընտրիչների ինստիտուտը, ընտրության համար սահմանվեց 3 քառորդ շեմը, ինչը հնարավորին կբարձրացնի նախագահի լեգիտիմությունը և կբացառվի, որ նախագահը կընտրվի մեկ քաղաքական ուժի կողմից: Խորհրդարան մուտք կգործեն ոչ թե թաղային, այլ՝ քաղաքական հեղինակությունները»,- եզրափակեց պատգամավորը: