06/10/2015 16:39
Այս պահին մեր պահուստարաններում ոսկի չունենք. Ներսես Երիցյան
ԱԺ-ում Կենտրոնական բանկի 2015թ.-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԿԲ փոխնախագահ ՆերսեսԵրիցյանից հետաքրքրվեց Հայաստանի ոսկու պաշարներից, որին ի պատասխան վերջինս արձագանեց բացասաբար:
«Այս պահին պահուստարաններում ոսկու պաշարներ չունենք»,- ասաց նա:
Պատգամավորի հարցին, թե աշխարհում կա՞ ևս մեկ երկիր, որի ոսկու պաշարները զրո են, ԿԲ նախագահի տեղակալը պատասխանեց, որ այդպիսի երկրները շատ են:
«Այո, աշխարհում բազմաթիվ են այն երկրները, որոնց ոսկու պաշարները զրո են»,- ասաց նա:
Ներսես Երիցյանը նշեց նաև, որ այսօր այլ արտարժույթներից ոսկին ոչնչով չի տարբերվում: «Բնականաբար, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել, բայց փաստը այն է, որ մենք ոսկի չունենք և պետք է սպասարկենք արտաքին պարտքը: Այն ռեզերվները, որոնք կան, բավարար են այս խնդրի լուծման համար, սակայն եթե պետք է ներդրումներ անենք այնտեղ, որտեղ տատանողական է, դա կարող է իրացվելիության խնդիրներ առաջացնել: Իհարկե, ռեզերվները, եթե շատ մեծ են, լավ է, դրանց մի մասը ոսկով պահելը, որովհետև գների տատանումներից օգուտներ կարելի է քաղել: Բայց հիմա հարմար պահը չէ ոսկի գնելու համար»,- եզրափակեց նա: