06/10/2015 14:44
ԿԲ-ն կանխատեսում է 2.5-3.8 տոկոս տնտեսական աճ. Երիցյան
ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին` կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
«Արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ. տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Չնայած մեր սկզբնական կանխատեսումները բավականին բարձր են և այս տարի կարող է խոսք գնալ 2.5-3.8 տոկոս տնտեսական աճի մասին»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ կանխատեսվող հորիզոնում, որը Կենտրոնական բանկի համար երեք տարի է, նախատեսվում է 3.5-4 տոկոս տնտեսական աճ:
Նա հավելեց նաև, որ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015թ. թե' մասնավոր սպառումը, թե' մասնավոր ներդրումները կկրճատվեն: