06/10/2015 13:07
Փորձագետ. Որոշ կայքերում «շտապ», «հրատապ» բառերով սկսվող վերնագրերը չեն կարող լուրջ լինել
Լրատվական դաշտում հրապարակված յուրաքանչյուր նյութ հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում հասարակության շրջանում, հետևաբար որևէ լուր թողարկելուց առաջ պետք է այն մի քանի աղբյուրից ճշտել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածության շրջանում լրատվական կայքերում հրապարակված լուրերին:
Նա նկատեց, որ այդ ընթացքում սկսվեցին ահռելի քանակությամբ տեսանյութեր տարածվել, որրտեղ նկարագրվում էր, թե իբր հայերը պատժում են ադրբեջանցիներին, սակայն դրանք հիմնականում ուկրաինական կոնֆլիկտից ու զորավարժություններից ձեռքբերված տեսանյութեր էին, որոնք լուրջ և մեծ ազդեցություն թողեցին հասարակության մոտ:
«Հայաստանում լրատվամիջոցները քիչ են և վատն այն է, որ նմանատիպ կայքերը հասարակության մեջ գրաքննություն մտցնելու պահանջ են առաջացում: Վաղը, մյուս օրը չինովնիկները այդ հանգամանքը կարող են օգտագործել հակակոռուպցիոն նյութերն արգելափակելու համար»,- ասաց փորձագետը:
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր մարդկանց պետք է լավ և հաստատուն ինֆորմացիա հասցնել: «Մարդն, օրինակ, երբեք խանութից փչացած սնունդ չի գնում: Տեղեկատվությունն էլ սննդի պես մի բան է և տեղեկատվության դաշտում ևս փչացած ու անորակ տեղեկությունները չպետք է տեղ գտնեն: Մարդը պետք է վստահի այն կայքերին, որոնք հստակ հասցե ունեն, չեն խաբում, պատասխանատվություն են կրում իրենց հրապարակած նյութերի համար»,- ասաց մեդիափորձագետը:
Նա շեշտեց նաև, որ մարդիկ պետք է հասկանան, եթե այս կամ այն լրատվամիջոցներում լուրերը սկսում են՝ «շտապ», «հրատապ» կամ նմանատիպ այլ վերնագրերով, դրանք լուրջ լինել չեն կարող:
«Այս պարագայում արդեն հեշտությամբ դաշտ են մտնում ադրբեջանական կեղծիքները»,-ընդգծեց նա«