06/10/2015 17:15
Հինգ համերգային նախագիծ՝ նվիրված Վահան Արծրունուն
Երաժիշտ և երգահան Վահան Արծրունու «Հինգ համերգային նախագիծ 2015» համերգաշարի մեկնարկը կտրվի Հոկտեմբերի 11-ին, որին կհաջորդեն հոկտեմբերի 28-ին, նոյեմբերի 9-ին, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 25-ին կայանալիք համերգները:
Համերգաշարը նվիրված է նրա բեմական գործունեության 30 և և ծննդյան 50 ամյակներին: Համերգաշարը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Յուրաքանչյուր արվերստագետի համար գոյություն ունեն կլոր թվականներ և ինձ համար հնարավորություն ընձեռվեց վաղուց շատ վաղուց խմորված գաղափարը կյանքի կոչել»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց արվեստագետը՝ հավելելով, որ համերգաշարը կրում է սիմվոլիկ բնույթ:
«Այս 30 տարիների ընթացքում տարբեր ժանրերով եմ զբաղվել և այս համերգաշարը սիմվոլիկ նշանակություն ունի՝ որպես յուրօրինակ հաշվետվություն»,- հավելեց նա:
Համերգի մտահղացումն առաջացել է վաղուց, սակայն հետաձգվել է հովանավոր չունենալու պատճառով: «Իմ հովանավորը միշտ եղել է իմ հանդիսատեսը, բայց անգամ հնարավորությունները քիչ էին»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն այս անգամ դիմել է թե բիզնես միջավայրի անհատներին, թե բանկային ոլորտի մարդկանց, սակայն՝ ապարդյուն: «Այնուհետև ես որոշեցի հանդիպել Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, ում հետ զրույցը տևեց ընդամենը 12 րոպե: Ես նրան ներկայացրեցի ծրագիրը, և այն անմիջապես հավանության արժանացավ»,- մանրամասնեց Արծրունին:
Ի դեպ՝ համերգների ընթացքում կլինեն պրեմիերաներ, իսկ, թե հատկապես որ ստեղծագործության կատարմանն է սրտի թրթիռով սպասում, նա նշեց, որ իր համար իրականում որևէ տարբերություն չկա, թե որ ստեղծագործությունն է կատարում:
«Ինձ համար սա կարմիր գիծ է, որը ազատության նոր տիրույթ կստեղծի, որ ես կարողանամ իմ ներսում շարժել նոր ոլորտներ, երաժշտական նոր տեսակներ»,-ասաց նա: