06/10/2015 13:20
Ա. Բախշյանն ահազանգում է. Դպրոցներում մատակարարվող սնունդը ոչ մեկի կողմից չի վերահսկվում
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարածել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ուսումնական տարվա առաջին օրերին դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք տնօրենների հայտարարած մրցույթների արդյունքում հաղթել են և պետք է շահագործեն քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բուֆետներն ու այդ պայմանագրերի պատճեները.
«Պատասխանից ակնհայտ է դառնում, որ դպրոցների բուֆետների վիճակի ու մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացվում, որոնց ընթացքում առաջարկվել է դպրոցների տնօրեններին և մատակարարներին ձեռնարկել միջոցներ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված թերությունները կարճ ժամկետներում վերացնելու ուղղությամբ: Սակայն պպատասխանում ամենակարևորն տեղեկությունն այն էր, որ ուսումնասիրությունների արդյունքնրը ամփոփելուց և քննարկելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցների տնօրենների և մատակարարների միջև կկնքվեն պայմանագրեր:
10 օրն արդեն անցել է, սակայն՝ ոչ մի տեղեկություն պայմանագրերից: Իսկ բուֆետներում սննդի որակից ու տեսականուց բողոքներ՝ որքան ասեք ու ոչ մի արձագանք պատկան մարմինների կողմից: Ստացվում է, որ դպրոցներում մատակարարվող սնունդը ոչ մեկի կողմից չի վերահսկվո՞ւմ, նման անտարբերությունը կարող է շատ տխուր հետևանք ունենալ:
Շատ հրատապ հարց է ծագում, թե ովքե՞ր են սպասարկում դպրոցների բուֆետները, եթե մինչ օրս չկան այդ պայմանգրերը, որոնցով պետք է սահմանվեն սննդի որակի նկատմամբ վերահսկողությունը թե՛ մատակարարի, թե՛ տնօրենների կողմից: Հարցը պահանջում է հրատապ լուծում»,- իր մտահոգությունն է արտահայտել տիկին Բախշյանը: