06/10/2015 13:52
Կառավարությունը փորձում է բյուջեով խթանիչներ ստեղծել տնտեսության համար
Պետական բյուջեի մուտքերի կատարողականն այս տարի լարված է։ Տնտեսական աճի կառուցվածքով պայմանավորած՝ հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքին համարժեք չեն ավելանում։ Մի բան, ինչը ստիպում է առավել զգուշություն ցուցաբերել հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի եկամուտները պլանավորելիս։ Թերևս հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունը փոխել է բյուջեի ձևավորման ռազմավարությունը։
2016թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ակնկալվող եկամուտների դիմաց փորձ է արվել ավելի մեծ չափով խթանել ծախսերը։
Եկամուտների համեմատ ծախսերի առաջանցիկ ավելացումը կարևոր է առաջին հերթին համախառն պահանջարկի ձևավորման առումով։ Մի բան, ինչը նպաստավոր ազդեցություն ունի տնտեսական գործունեության ակտիվացման համար։
Ի տարբերություն նախորդի, գործող կառավարությունն այդ գործիքին շատ ավելի կարևոր նշանակություն է տալիս։ Բյուջեի ծախսերը զսպելու փոխարեն՝ խրախուսվում է։
Պատահական չէ, որ բյուջեի եկամուտները նույնիսկ չավելացնելու պարագայում՝ կառավարությունը նախատեսում է 2016թ. ավելի քան 68 մլրդ դրամի հավելյալ ծախսեր կատարել։ Առաջին հայացքից սա նույնիսկ կարող է տարօրինակ թվալ։ Սակայն այն միանշանակ դրական նշանակություն ունի տնտեսության համար։ Դրանք գումարներ են, որոնք լրացուցիչ ազդակներ են հաղորդում տնտեսական գործընթացներին։
Բյուջեի հավելյալ գումարների հաշվին ծախսերի աճ է նախատեսվում պաշտպանության ոլորտում։ Այդ նպատակով հատկացվող գումարներն ավելացել են 9 մլրդ դրամով։ Աճել են տրանսպորտի ոլորտի ծախսերը։ Հաջորդ տարի կառավարությունը մտադիր է այստեղ իրացնել ավելի քան 54 մլրդ դրամ։ Ընդ որում, հիմնական մասը ճանապարհաշինության նպատակով։
Ավելացվել են կրթությանը հատկապվող ծախսերը՝ 125,7 մլրդ դրամից հասնելով 132,1 միլիարդի։ Սոցիալական պաշտպանությանն ուղղված բյուջետային գումարները ևս համալրվել են։ Դա արտահայտվել է գերազանցապես կենսաթոշակային միջոցների ավելացման հաշվին։ 283,8 մլրդ դրամից դրանք հասել են 293,7 միլիարդի։
Փոխարենը՝ նվազել են առողջապահության, մշակութային ծառայությունների հատկացումները։ Կառավարությունը կտրուկ կրճատել է նաև սեփական պահուստային ֆոնդը՝ 18 միլիարդից իջեցնելով 8 մլրդ դրամի։ Նվազեցվել են նաև գործուղումների և, այսպես կոչված, շրջագայությունների ծախսերը։