06/10/2015 14:52
Է. Շարմազանովը՝ Քոչարյանին. Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որին նախկին նախագահը արտահայտում է իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասով: Ըստ Շարմազանովի՝ տեղում դոփել անկարելի է. ինքն այդպիսի ապագա իր երկրին չի ցանկանում:
«Այո, կարդացել եմ հարգարժան երկրորդ նախագահի 1 հարցանոց հարցազրույցը: Հետո վերընթերցեցի նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը… հետո նորից վերադարձա հարցազրույցին: Հանձնաժողովի եզրակացության մեջ վերամբարձ բառեր չկային, կար միայն ժամանակակից դինամիկ երկրների տեսլական, որին հասնելու ճանապարհին բարձր է գնահատվում արված աշխատանքը: Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ հարատև չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ և ոչինչ չփոխելու տեսլական»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական գործիչը՝ նշելով, որ հարցազրույցն ուներ անկյունաքար:
«Չի կարելի փոխել Սահմանադրությունը, որովհետև արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Ուշադրություն դարձրեք «արատավոր համակարգի վերարտադրման գործիք»: Հետաքրքիր է՝ խաղի ի՞նչ կանոնների պայմաններում և ե՞րբ է առաջացել այդ արատավոր համակարգը: Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է»,- նշեց նա:
Է. Շարմազանովը նշեց, որ շատ լավ է հասկանում նաև երկրորդ նախագահի տեսակետի օբյեկտիվ հիմքերը՝ ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել:
«Սա շատ մարդկային և հասկանալի իրողություն է: Պարզապես պետք է ընդունել նաև, որ կյանքն առաջ է ընթանում, աշխարհն արագ է փոխվում, և եվրոպական ոչ մեծ երկրների տիպի կառավարման համակարգերը լիովին ապացուցել են իրենց կենսունակությունը: Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»: