06/10/2015 10:28
Անկարան կրկին կանչել է Մոսկվայի դեսպանին բացատրությունների համար
Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե վերջին երեք օրվա մեջ կիրակի օրը ռուսական ռազմական ինքնաթիռը արդեն երկրորդ անգամն է խախտել Թուրքիայի օդային տարածքը:
Korrespondent.net-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, գրում է, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Անկարան կրկին կանչել է Մոսկվայի դեսպանին բացատրությունների համար։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը շաբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի կողմից: Ռուսաստանն ընդունել է Թուրքիայի օդային տարածքի խախտման փաստը։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Լրատվականը հիշեցնում է, որ ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Դաշինքի խորհուրդ է հրավիրել, որը դատապարտել է ռուսական ավիացիայի գործողությունները և կոչ է արել դադարեցնել սիրիական ընդդիմության ուղղությամբ օդային հարվածները։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս հայտարարել է, թե ՌԴ-ի կողմից Թուրքիայի օդային տարածքի կրկնակի խախտման դեպքում հարցը կքննարկի ՆԱՏՕ-ն։