06/10/2015 12:07
Ներքին Կարմիրաղբյուրում գյուղացիները խաղողի իրացման խնդիր ունեն
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում խաղողի մթերման գործընթացը ևս սկաված է: Aysor.am-ի հետ զրույցում գյուղապետ Մանվել Կամենդատյանը տեղեկացրեց, որ գյուղացիներն, ովքեր ունեն համապատասխան պայմանագրեր, խաղողը հանձնում են Արարատի գինու-կոնյակի գործարանի Տավուշի մարզի Բերդ մասնաճյուղում:
Գյուղապետի խոսքով՝ այստեղ խաղողը մթերվում է 130 դրամով:
Նա նշեց, որ մթերման հետ կապված գյուղացիները խնդիրներ ունեն: «Այն գյուղացիներն, ովքեր չունեն պայմանագրեր, նրանց բերքը չեն ընդունում և բերքը ստիպված տանում են տուն: Հո՞ չեն թափելու, մարդիկ չարչարվել են, որ թափե՞ն: Լավ կլիներ, որ նրանցից ևս մի որոշ քանակությամբ բերք ընդունեին: Բերքն այս տարի շատ է, իսկ գյուղացին իր օրվա ապրուստը վաստակում է հողի միջոցով: Մեծ դժվարությամբ հավաքում է, բայց իրացնել չի կարողանում»,- ասաց նա:
Հարցին, թե այս ընթացքում ի՞նչ քանակությամբ է գործարանը խաղողի մթերում կատարել, Մ. Կամենդատյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ մթերման ավարտից հետո են տվյալներն ամփոփվում: