06/10/2015 18:49
Հ. Բիշարյան. Պետությունը պետք է հնարավորինն անի, որ յուրաքանչյուր զինծառայող իր ընտանիք վերադառնա ողջ և առողջ
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քիչ առաջ ԱԺ-ում, հայտարարությունների ժամին, հիշեցրեց, որ հունիսին ԱԺ դահլիճում, երբ քննարկվում էր «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում էր բուժման կուրս ստանալու համար արտերկիր ուղարկել բոլոր այն զինվորներին, ովքեր վնասվածք են ստացել մարտական դիրքերում և որոնց բուժումն անհնար է անցկացնել Հայաստանում, ՕԵԿ-ը առաջարկ ներկայացրեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի սահմաններից դուրս առողջության վերականգնման հնարավորություն ստանան ոչ միայն առաջնագծում ծառայություն ու մարտական հերթապահություն իրականացնողները, այլև բոլոր զինծառայողները, անկախ նրանից զինծառայողը առաջնագծում կամ մարտական հերթապահության ժամանակ է վնասվել կամ վիրավորվել։
«Մեր առաջարկությունը դեռ այն ժամանակ չընդունվեց, որը հիմք հանդիսացավ բոլորովին վերջերս մեր խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուն, ըստ որի առաջարկում ենք Հայաստանի սահմաններից դուրս պետական միջոցների հաշվին առողջության վերականգնում ստանան բոլոր զինվորները, անկախ նրանից առաջնագծում են վիրավորվել, թե ոչ, քանի որ մեզ համար անգին է ցանկացած հայ զինվորի կյանքը, հետևաբար ոչ մի միջոց չպետք է խնայել այդ կյանքը փրկելու համար»,- ասաց Հ.Բիշարյանը:
Նա նշեց, որ ՕԵԿ-ի կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալու հիմք հանդիսացավ բուժման կարիք ունեցող զինծառայողների ընտանիքի անդամների, ընկերների և պարզապես բարեգութ մարդկանց կողմից սոցիալական ցանցերի, կայքերի և այլ միջոցներով կազմակերպվող դրամահավաքները, ինչպես նաև բոլորովին վերջերս ցավալի իրադարձությունների հետևանքով 16 ժամկետային զինծառայողների վիրավորվելու հանգամանքը ոչ թե առաջնագծում, այլ սահմանից բավականին հեռու.
«Բոլորն էլ խոսում են ավելի հզոր ու զարգացած Հայաստան ունենալու մասին: Բայց ի՞նչ է արվում դրա համար: Իմ համոզմամբ հոգեբանորեն ամուր, տեխնիկապես պատրաստված ու սոցիալապես պաշպանված զինվորը, սպան ու ազատամարտիկն են լինելու վաղվա էլ ավելի հզոր բանակի հենքը: Ու ամենակարևորը՝ բոլորը պետք է տեսնեն, որ պետությունն առանց բացառության արժանին է մատուցում նրանց, ովքեր հայրենիքի պաշտպանության գործում ոչինչ չեն խնայում: «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացրած նախագիծը, բխում է հենց նշածս բացառության վերացման անհրաժեշտությունից, քանի որ ծնողի, հարազատի և մեծ հաշվով յուրաքանչյուրիս համար չպետք է տարբերակում լինի, թե որտեղ է զինվորը վիրավորվել՝ առաջնագծում, թե սահմանից հեռու: Լիահույս ենք, որ Կառավարությունը դրական եզրակացություն կտա մեր օրենք նախագծին, որը հնարավորություն կընձեռի բոլոր զինծառայողներին անհրժեշտության դեպքում իրենց առողջությունը վերականգնել արտասահմանում: Թշնամին դավադրաբար նախահարձակ է լինում, ինչը, ցավոք, հաճախ հայ զինվորի առողջություն կամ կյանք է արժենում: Այո´, մենք մեր բանակին վերաբերում ենք զավակի պես, հետևաբար թանկ է մեր ամեն մի զինվորի կյանքն ու առողջությունը, և որովհետև մենք գիտենք թե՛ պատերազմի և թե՛ խաղաղության գինը: Պետությունը պետք է հնարավորինն անի, որ յուրաքանչյուր զինծառայող իր ընտանիք վերադառնա ողջ և առողջ, հնարավորություն ունենալով լիրաժեքորեն ինտեգրվելու հասարակությանը՝ կառուցելով նորմալ ապագա»,- հավելեց պատգամավորը: