06/10/2015 16:26
Նաղդալյան. Մեզ համար կարևոր է՝ Վեհաժողովը համագործակցության գնա ԼՂ հետ
Ռոբերտ Ուոլթերի զեկույցը առանձնանում է իր՝ ժամանակ ձգելու և ԼՂ իշխանությունների հետ ուղղակի կոնտակտների չգնալու քաղաքականությամբ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ բրիտանացի պատվիրակի աղմկահարույց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» զեկույցը պատշաճ պատասխան է ստացել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից:
Նա տեղեկացրեց, որ այս ողջ ընթացքում հայ պատվիրակները բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել են պատվիրակին ԼՂ հետ կոնտակտի գնալու հանգամանքը, սակայն նա խուսափել է դրանից.
«Իսկ ՀՀ պատվիրակության պահանջը տրամաբանական է, մեզ համար կարևոր է, որ Վեհաժողովը համագործակցության գնա ԼՂ հետ»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Պատվիրակության ղեկավարն ասաց, որ Ուոլթերը դիմել է ԼՂՀ իշխանություններին՝ Արցախ այցելելու համար և հիմա Ղարաբաղի իշխանությունների պատասխանից է կախված՝ կստացվի այդ, այցը, թե ոչ: Բայց մեկ բան հստակ է՝ թե զեկույցի վերնագիրը, թե դրա բովանդակությունն ու շեշտադրումները և թե այս ընթացքում պատվիրակի դրսևորված պահվածքը չեն խոսում այն մասին, որ զեկույցը լինելու է անաչառ:
Անդրադառնալով անցած շաբաթ ԵԽԽՎ-ում ավարտված աշնանային նստաշրջանի աշխատանքներին` նա տեղեկացրեց, որ շատ կարևոր էր ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով հանձնաժողովի զեկույցը ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որը պոզիտիվ տրամադրվածություն արձանագրեց բարեփոխումների գործընթացի հանդեպ: Ըստ Հ.Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ն տվեց իր ամփոփիչ գնահատականը այն պոզիտիվ դինամիկայի մասին, որ առկա է.
«ԵԽԽՎ-ն կարևորել է, որ խոսքը մեր երկրի Սահմանադրության մասին է ու հանրաքվեով ժողովուրդն իր գնահատականն է տալու՝ կոչ անելով քաղաքական բոլոր ուժերին իրենցից կախվածն անել, որպեսզի հանրաքվեն անցնի միջազգային բարձր չափանիշներին համապատասխան»:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նշված զեկույցում առկա մտահոգություններին, որոնք վերաբերում են քաղաքական բևեռացվածությանը, ապա տիկին Նաղդալյանը նշեց, որ չենք կարող ակնկալել, որ Հայաստանի մասին զեկույց լինի առանց մտահոգության կետի.
«Քաղաքական համակարգի բևեռացվածության խնդիրը մտահոգում է նաև մեզ, մենք էլ ենք այն բարձրաձայնում: Բայց նաև՝ քաղաքական բևեռների առկայությունը վկայում է ժողովրդավարության առկայության մասին»: