06/10/2015 15:31
Երիցյանը՝ Բագրատյանին. Քեյնսը տեղում կպտտվի, որ իմանա ուզում եք փողի քանակով տնտեսական աճ ապահովել
Կենտրոնական բանկը վարում է ոչ թե փողի նպատակադրման, այլ՝ գնաճի քաղաքականություն, փողի քանակը մենք չենք կարգավորում, այլ կարգավորում ենք գնաճը: Ազգային ժողովում Կենտրոնական բանկի 2015-ի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին:
Ընդդիմադիր պատգամավորը ԿԲ-ին կոչ էր արել թույլատրել բարձր գնաճը և զուգահեռ տնտեսական բարձր աճ ունենալ:
Ներսես Երիցյանը պատասխանեց, որ ոչ մի խելամիտ երկիր բարձր գնաճ չի թույլատրում. «Այո, մենք չենք ուզում բարձր գնաճ սահմանել, որովհետև աշխարհի ոչ մի խելամիտ երկիր չի թույլատրում բարձր գնաճ, 2-5 տոկոսից ավելի գնաճ չի սահմանում: Դա մեր կապրիզը չէ, աշխարհում է այդպես»:
ԿԲ փոխնախագահը մանրամասնեց նաև, որ բարձր գնաճն առաջին հերթին կազդի աղքատների վրա, իսկ հարուստները չեն տուժի դրանից:
«Հատկապես, երբ մեր քաղաքացիները պանիկայի մեջ են ընկնում բարձր գնաճի ու փոխարժեքի տատանման դեպքում, սկսում են անընդհատ դոլարիզացնել իրենց եկամուտները: Բարձր գնաճը մարդկանց պահելու է լարման մեջ: Պնդել, թե բարձր գնաճը կարելի է կառավարել, նույնն է, թե բժշկից խորհուրդ ստանալ, թե կարելի է կառավարել բարձր արյան ճնշումը: Բոլորին է հայտնի, թե ուր կտանի նման բժշկությունը»,- հայտարարեց Երիցյանը:
Նիստերի դահլիճում կրկին լսվեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի քննադատությունը, որին ի պատասխան Ն. Երցյանը հավելեց.
«Քեյնսը կզարմանա, տեղում կպտտվի, որ իմանա ուզում եք փողի քանակով տնտեսական աճ ապահովել: Ճշտե՞լ եք, դե լավ է»: