06/10/2015 15:05
Ի՞նչ ռազմավարական մոտեցումներ են մշակվել դրամով տրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացման դեմ
ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետաքրքրվեց բանկերում բարձր տոկոսներով դրամով տրամադրվող վարկերից: «Գնալով բանկերում դրամով տրվող վարկերի տոկոսադրույքները բարձրանում են, ինչը բոլորի համար է նկատելի: Ի՞նչ ռազմավարական մոտեցումներ են մշակվել այս ուղղությամբ»,- հետաքրքրվեց պատգամավորը:
«Երբ սկսենք մեր միջոցները դրամով պահել, դրամի տոկոսները ևս կսկսեն նվազել: Առաջինը մեզնից պետք է սկսենք, իսկ պրոֆեսիոնալ տենակյունից կարող եմ ասել միայն, որ երկարաժամկետ պետք է լինի կայունությունը, քանի որ այն ցնցումը, որ մենք ունեցանք նախորդ տարի, մեծ հետևանքներ թողեց, որի արդյունքում դոլարիզացիան խորացավ, ինչը եղել էր նաև 2009 թվականի ճգնաժամի ընթացքում»,- մանրամասնեց ԿԲ փոխնախագահը՝ ընդգծելով, որ այսօր էլ այն շարունակում է աճել:
«Մարդկանց մոտ սպասումները դեռ խարսխված չեն, հետևաբար պետք է գործենք ոչ թե զգացմունքային, այլ՝ պրոֆեսիոնալ դաշտում: Այս ամենը կարգավորելու համար ժամանակ է պահանջվում, քանի որ մարդիկ պետք է իսկապես համոզված լինեն, որ կայունություն կլինի»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է առաջիկա կանխատեսումներին, ապա, ըստ Ն. Երցյանի, բոլոր կանխատեսումները միտված են նրան, որ առաջիկայում դրամային տոկոսադրույքները նվազեն: «Գնաճի սպասումները և վերաֆինանսավորման քաղաքականությունն ուղված է նրան, որ գնաճի սպասումնեը երկարաժամկետում՝ մինչև 3 տարվա կտրվածքով, կարողանանք ցածր տոկոսադրույքներով սպասարկել»,- ասաց նա:
Ն. Երիցյանը բացատրեց նաև, որ կա մակարդակ և կա ուղղությաուն, ըստ որի էլ ԿԲ-ն առաջնորդվում է: «Երբ տեղի ունեցավ շոկը, բնականաբար արձագանքը եղավ կարճաժամկետ տոկոսադրույքների ավելացումը, որպեսզի կարողանանք զսպել պահանջարկը: Բարձրանալուց հետո մենք կտրուկ իջեցրեցինք դրանք»,- հավաստիացրեց ԿԲ փոխնախագահը՝ հավելելով, որ 10 տոկոսադրույքից ցածր վարկերը տրամադրելը նշանակում է շարժվել քամու հակառակ ուղղությամբ:
Նրա խոսքով՝ եթե այդ տոկոսադրույքները սահմանվեն ու մարդիկ գործարք չիրականացնեն, այդ դեպքում որևէ արդյուքն չեն ունենալու, իսկ գնաճի արագանալու դեպքում կգրանցվի միայն անկում: «Մենք կարծում ենք, որ ռիսկերը ցածր են, սակայն որոշակի առումով կփորձենք խարսխել գնաճային սպասումները: Հետևաբար տոկոսադրույքները թողել ենք նույնը: Այս պահին ևս ունենք կանխատեսումներ, որ այդ տոկոսադրույքները կարող ենք նվազեցնել, բայց մենք դրա համար պետք է վստահ լինենք, որ գնաճային սպասումները խարսխպված են: Այդ նվազեցումը չի կարող կտրուկ լինել, քանի որ այն կհանգեցնի նոր հետևանքների»,- ասաց նա: