06/10/2015 17:21
Ն. Փաշինյան. Եթե Քոչարյանի ժամանակ տնտեսական աճը երկնիշ էր, դա նրա տնտեսագիտական հանճարից չէր
Այսօր մարդիկ կան, որ շրջանառության մեջ են դնում թեզը, թե «վսյո ժե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդիկ լավ էին ապրում», երկնիշ թվերով տնտեսական աճ կար…. Քոչարյանի ժամանակներում, եթե նույնիսկ այդ տնտեսական աճը երկնիշ էր, դա Քոչարյանի տնտեսագիտական հանճարից չէր, այլ նրանից, որ Վարդանի կամ Պողոսի գործերը ռուսաստաններում եռակի-քառակի անգամ լավ էին և նա առնվազն եռակի անգամ շատ գումար էր ուղարկում Հայաստան: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ եթե Ռոբերտ Քոչարյանի տեղը, ասենք, Բալաբեկ Վլասյանը լիներ Բաղրամյան 26-ում, այդ հլը հարց ա՝ ավելի լավ կլիներ, թե ավելի վատ: Դա կախված կլիներ, թե մեր Վլասյանը ինչ ախորժակ ունի երջանկահիշատակ Քըր Քրքորյանի փողերը ուտելու»,- ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն, որ ընտանիքները տարածության մեջ բաժանվում են, քանի որ ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի, կինը մնում հայրենիքում, այդ մոդելը երկու համահեղինակ ունի՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Նրա խոսքով՝ կառավարման այդ մոդելը երկու հիմնական նպատակ ու նշանակություն ունի .
«Առաջինը, որ Հայաստանում հնարավորինս քիչ մարդ մնա և այդ մասին, ինչպես հիշում եք, լեզվի սայթաքում արեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսինքն՝ ինչքան քիչ մարդ մնա Հայաստանում, այնքան ոստիկանական և այլ ուժերով նրանց ավելի հեշտ կլինի վերահսկողության տակ պահել: Երկրորդ՝ այս համակարգը ստեղծած է այնպես, որ Վարդանի ուղարկած փողերը հոսեն մերձիշխանական գրպանները… բա ձեր կարծիքով էդ մենաշնորհ որ ասում ենք, պատահական ա՞: Ոչ, որովհետև մտեք ցանկացած խանութ ցանկացած բնակավայրում, գնեք շաքարավազ ու բանան, այդ գումարը հոսում է նույն մարդկանց գրպանը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Վերջում բանախոսը ավելացրեց, որ քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել իշխանություն, որի համար կյանքի ու մահու խնդիր չէ ընտրություններում պարտվելն ու իշխանություններից հեռանալը, Հայաստանում ոչ տնտեսություն կարող է լինել, ոչ էլ դրամավարկային քաղաքականություն: