07/10/2015 16:00
Շիրինյան. Ռուսաստանն, այսպես թե այնպես, ռեալիզացնելու է իր շահերը և որևէ մեկը չի կարող խանգարել
ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ամերիկացիների և ռուսների միջև գործարք տեղի ունեցավ Մերձավոր և Միջին Արևելքի ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով միջազգային անցուդարձը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Ռուսաստանի համար Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները կյանքի ու մահվան հարց են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս,, որ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը վերադառնում է Սիրիա՝ փակելով Միջերկրական ծովի նեղուցների մատույցները:
Ըստ քաղաքագետի՝ ստեղծված վիճակը փրկություն է տալիս Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադին և նրա պետականությանը. «Ռուսաստանն, այսպես թե այնպես, ռեալիզացնելու է իր շահերը և որևէ մեկը նրան չի կարող խանգարել: Վստահ պետք է լինենք, որ Սիրիան այլևս փրկված է: Ռուսաստանը նստեց, Ամերիկան համաձայն է, քայլը կատարված է և սա պետք է գնահատենք նաև մենք: Սա մշակութային քաղաքակրթական առաջընթաց է, որը բխում է նաև հայ ժողովրդի ազգային շահերից և չի հակասում Հայաստանի պետական շահերին»:
Շարունակելով խոսքը՝ Լ. Շիրինյանն ասաց, որ Ռուսաստանի պետական շահերը գիտակցող զանգվածը ևս պետք է աշխատի Հայաստանի հարցը լուծելու համար. «Մեզ էլ մնում է գիշեր ու ցերեկ աշխատել պետական շահի համար և անպայման արդյունք կունենանք»: