07/10/2015 14:00
«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար». Ինչո՞ւ են բարեգործական համերգի միջոցով միավորվել Խաչիկ Եղոյանը և շոուբիզնեսի ամենավառ աստղերը
Նոյեմբերի 2-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահն իր տանիքի տակ կհավաքի բոլոր հոգատար ու սրտացավ մարդկանց, ընկերների. բարեգործական հիմունքներով կազմակերպվող համերգի նպատակը ընկերոջն օգտակար լինելն ու աջակցելն է.
«Այս համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է մեր ընկերներից մեկին: Բոլորն էլ նրան ճանաչում են, համերգին մասնակցող մեր արտիստներն էլ իրեն ընկեր ու հարազատ են: Թե ում ենք աջակցում այս նախաձեռնությամբ, չենք կարող հայտարարել: Քանի որ մեր ընկերն այդպես է ցանկացել, խոստացել եմ լռել… Ի վերջո կարևորն այն է, որ համերգի դրդապատճառը մարդկային քայլն է, պարտավորությունը մարդու, ընկերոջ հանդեպ: Ցավոք, մեր օրերում քչերն են գիտակցում, որ յուրաքանչյուրիս կյանքի գլխավոր նպատակը պետք է դիմացինին ձեռք մեկնելը լինի: Բազմիցս եմ ասել ու ստիպված եմ նորից կրկնել՝ ինքներս մեզ համար ապրելը մահից սարսափելի է»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց միջոցառման հեղինակ և կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը:
Այդ օրը բեմում են լինելու հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերը՝ Հայկոն, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Սոնա Շահգելդյանը, Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Գոհար Հովհաննիսյանը, Հասմիկ Կարապետյանը, Աղասի Իսպիրյանը, Սոֆի Մխեյանը, Անահիտ Սիմոնյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Սաֆարյանը, Անգելինա Գասպարյանը, «Հայքի»-ի Նարեկը, Զարուհի Բաբայանը, «Տարոնցիներ» ազգագրական համույթը, «A-Era» պարային ստուդիան և այլք: Երեկոն վարելու են «վիտամինցի» Արմուշը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանն ու Վահագն Գրիգորյանը՝ «երեք հրացանակիրների» տեսքով: «Համերգին մասնակցելու են այսօրվա ամենսաիրված ու ճանաչված արտիստները, ովքեր գիտեն ընկերություն անել, սիրել, ձեռք մեկնել: Ում համար այս կյանքում ամենակարևորը փողը չէ: Կան արտիստներ, ովքեր շատ էին ցանկանում մեր կողքին լինել, սակայն Հայաստանում չեն լինի, վաղուց պայմանավորված համերգային շրջագայություններ ունեն: Իհարկե, դեռևս չեմ կարող պատասխանել՝ բոլորը կհամաձայնեն մասնակցել այս բարեգործական համերգին, թե ոչ, քանի որ մեր օրերում սուտը, կեղծիքն ու շորթությունը շատ են, բայց երբ հավատան ու վստահեն, որ այստեղ ամեն ինչ մաքուր է ու արդար, ապա նաև կաջակցեն»,-նշեց նա:
Իսկ թե ինչո՞ւ «Երեք հրացանակիրներ», մեր զրուցակիցը մանրամասնեց. «Քանի որ ի սկզբանե որոշվել է չբացահայտել, թե ում համար է կազմակերպվում այս միջոցառումը, մտածեցի՝ լուծումը գտնել գեղարվեստական եղանակով. ընկերության ամենաբարի դրսևորումներից մեկը հենց «Երեք հրացանակիրներում» է պատկերված: Ուստի, այնտեղի ամենաթևավոր խոսքը վերցրեցի և դարձրեցի համերգի խորագիր՝ «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»: Երեկոյի հաղորդավարներն էլ կլինեն հումորային տեսքով: Դա կհուշի, որ բոլորս համախմբել ենք մեկի համար»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Համերգի տոմսերը վաճառքում կլինեն մոտ օրերս: Ինչ վերաբերում է գներին, ապա կազմակերպիչը վստահեցրեց, որ մատչելի կլինեն. «Ուզում եմ, որ հանդիսատեսը միանա այդ օրը մեր բարի գործին: Դեռևս հաշվարկներ ենք անում, բայց վստահ եմ, որ տոմս գնելը հասանելի կլինի յուրաքանչյուրի գրպանին: Չէ՞ որ այս պարագայում մեր նպատակը բիզնեսը չէ, այլ դահլիճը մարդաշատ տեսնելն ու բոլորիս օգնությամբ հայ մարդուն օգնելը: Ուզում եմ շեշտել, որ ամեն մի տոմս գնող վստահ լինի, գիտակցի, որ լավ ընկերոջ պես կանգնեց մի մարդու կողքին, ով այսօր դրա կարիքն ունի: Իսկ գեղեցիկ երեկոն երաշխավորում եմ և ես, և բեմում եղող մեր ընկերները: Այնպես որ, «մի կրակոցով երկու նապաստակ որսանք»՝ գեղեցիկ ժամանց և բարություն»,-ընդգծեց նա:
Զրույցի վերջում Խաչիկ Եղոյանը կանխավ շնորհակալություն հայտնեց ոչ միայն հայ երգիչ-երգչուհիներին, այլև Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին և ամենակարևորը՝ հանդիսատեսին: «Զգացված եմ անշահախնդիր մարդասիրական գործին տրվելու, իմ այս նախաձեռնության կողքին ամուր և սրտանց կանգնելու համար»,-եզրափակեց նա: