07/10/2015 12:41
ՍԴՀԿ-ն կողմ է նոր սահմանադրությանը. Խորհրդարանական համակարգը լավագույնն է
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը՝ նշելով, որ այս եզրահանգման նրանք եկել են երկարատև քննարկումներից հետո:
«Կառավարման լավագույն տարբերակը խորհրդարանականն է, այնպես որ մենք էլ չենք կարող չողջունել այս փոփոխությունը»,- ասաց Հակոբ Տիգրանյանը՝ ավելացնելով, որ հենց սա է դրական գնահատականի գլխավոր հիմնավորումը:
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության ատենապետի խոսքով՝ անցյալ 25 տարիների ընթացքում երկրի ներքաղաքական անդորրը պարբերաբար խախտվել է նախագահական ընտրությունների պատճառով, ժողովուրդն անցել է ցնցումներով: Խորհրդարանական համակարգը թույլ կտա խուսափել այս ամենից.
«Բացի այդ՝ նախագահը միանձնյա էր կառավարում երկիրը և որևէ կերպ հաշվետու չէր խորհրդարանին և ժողովրդին»,- ասաց Հակոբ Տիգրանյանն՝ ընդգծելով՝ պետք է վերացնել անհատապաշտությունը, որի հնարավորությունն էլ տալիս է նոր սահմանադրությունը: