07/10/2015 14:21
Ա. Պետրոսյան. Մենք ընդառաջ ենք գնում գյուղացուն
Հայաստանից արտահանման ծավալները, այդ թվում և գինու և կոնյակի, զգալի նվազել են, որովհետև ռուսական շուկայում ռուբլու փոխարժեքը 100 տոկոսով արժեզրկվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը.
«Խաղողի մթերման հետ կապված խնդիրներն էլ առաջացել են այն պատճառով, որ ալկոհոլային խմիչքների, այդ թվում և գինու և կոնյակի արտահանման ծավալները նվազել են 70 տոկոսով: Դա կապված է փոխարժեքի տատանումներով՝ հայկական դրամը արժեզրկվել է 15 տոկոսի չափով, իսկ ռուսական ռուբլին՝ 100 տոկոսով: Այստեղ վակուում է առաջանում, ինչի հետևանքով մեր ապրանքներն անմրցունակ են դառնում ու դա էլ հանգեցնում է նրան, որ մենք 60-70 տոկոսով քիչ գինի, կոնյակ ենք արտահանել Ռուսաստան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «մարդն իր անցյալ տարվա առածը չի կարողացել վաճառել, ո՞նց կարող է այս տարի նորից մթերել»:
Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հնարավորության սահմաններում ամեն մեկը 10-20 տոկոս ավելի խաղող մթերի, որպեսզի գյուղացուն օգնեն դուրս գալ ստեղծված ծանր վիճակից: Թեև այստեղ մեկ այլ խնդիր էլ կա.
«Գործարանն այս տարի, մյուս տարի միայն խաղող որ մթերի ու չկարողանա վաճառի, այդ գործարանը կփակվի»,- շեշտեց Ա.Պետրոսյանը:
Միևնույն ժամանակ նա շտապեց հավաստիացնել, որ մթերվում է նաև պայմանագիր չկնքած գյուղացիների բերքը: Ըստ նրա՝ խաղողի մթերումը կշարունակվի մինչև հոկտեմբերի վերջ.
«Մենք ընդառաջ ենք գնում գյուղացուն: Պետք է կամաց-կամաց այս խնդիրը լուծենք»: