07/10/2015 16:53
Մի հատ էլ Կիսիլյով հրավիրեք, որ էշ-էշ դուրս տա. Ալեքսանդր Արզումանյան
ԱԺ-ում, երբ քննարկվում էր Հանրային հեռուստատեսության 2014 թվականի գործունությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ վերջին շրջանում շատ է դրվատանքի խոսքեր շռայլում ՀՌԱՀ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հասցեին: «Այդ խոսքերը հետ չեմ վերցնում, քանի որ առաջընթաց է նկատվում նաև ԱԺ աշխատանքների լուսաբանման հետ կապված»,- հավելեց պատգամավորը:
Լրացնելով միտքը՝ պատգամավորը շեշտեց, որ Հանրային հեռուստատեսության գաղափարական բաղադրիչում նկատելի են դրական տեղաշարժեր, բայց, իր կարծիքով, դա դեռ բավարար չէ համապատասխան վարկանիշ ապահովելու համար: «Լրջությունը և պետականությունը տեսնում եմ, բայց դա բավարար չէ: Հանրային հեռուստաընկերությունը պետք է արձագանքի մեր պետութան առջև կանգնած տարբեր խնդիրներին ու մարտահրավերներին»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Հանրային հեռուտստանկերության եթերից բացակայում է հիմնականում ազատությունը: Այստեղ նա օրինակ բերեց ռուսական հեռուստաընկերությունների օրինակը:
Պատգամավոր Մ. Մելքումյանի ելույթին, որը չէր ավարտվել, միջամտեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ում, կարծես, դուր չէր եկել Միքայել Մելքումյանի դիտարկումներն ու օրինակները: «Մի հատ էլ Կիսիլյով հրավիրեք, որ էշ-էշ դուրս տա»,- հեգնեց Ա. Արզումանյանը:
«Պարոն Արզումանյան, ձեզ չի սազում: Ձեր հերթը երբ գա, կարող եք խոսել»,- միջամտեց ԱԺ փոխխոսնակ Էդուրարդ Շարմազանովը:
«Մի՛ խանգարեք հա: Պարոն Արզումանյան, չհասկացա, ի՞նչ եք ոգևորվել, ձեզ կորեկտ պահեք ու սրանից հետո ոչ մի բան էլ չանեք»,- ասաց Մ. Մելքումյանը:
«Պարոն Արզումանյան, այստեղ կա նիստ վարող և 131 պատգամավոր: Յուրաքանչյուր պատգամավորի կարող է դուր չգալ մեկ այլ պատգամավորի կարծիքը, բայց դա իրավունք չի տալիս ինչ-որ մեկին ռեպլիկ անելու: Հարգեք միմյանց, ձեզ չի սազում»,- կարգի հրավիրեց Շարմազանովը: