07/10/2015 14:47
Ա. Մինասյան. ԿԲ-ն պետք է հրաժարվի մակրոպոտենցիալ կամ միկրոպոտենցիալ կարգավորումից
Դրամավարկային քաղաքականությունը և հարկաբյուջետային քաղաքականությունը, որպես երկու առանցքային մոտեցում, նույն նպատակն ունեն: ԱԺ-ում ելույթն այսպես սկսեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով ԿԲ դրամավարկային տարեկան հաշվետվությանը:
Խոսելով կառավարության և ԿԲ գործունեության մասին՝ պատգամավորն ասաց, որ երկրում ստեղծված ֆինանսատնտեսական բացասական վիճակի մեղավորը հենց այս երկու կառույցներն են: «Ես մեղավոր եմ ճանաչում երկու կառույցին էլ, որովհետև կոորդինացիոն քաղաքականություն չկա: Մինչդեռ՝ արդյունքի հասնելու համար համահավասար արդյունավետ պետք է գործեն կառավարությունն ու ԿԲ-ն, և եթե խնդիրներ կան դրամական շրջանառության ոլորտում, միակ մեղավորը ԿԲ-ն չէ: Երբ խոսվում է ներգրավված արտաքին պարտքի մասին, իսկապես, սկզբունքային հարց է, թե ինչ ուղղություններով է այն ընթանալու, ինչ նպատակադրումներ պետք է լինեն, որ ԿԲ-ից էլ հնարավոր լինի պահանջել, թե որտեղ է թերանում»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ քաղաքական կամ պետական գործչի գործը ազդեցություն չունենա ֆինանսական շուկայի վրա: «Մենք, չգիտեմ ինչի, մտածում ենք, թե մեզ մոտ այդպես է: Ես պնդում եմ, որ ցանկացած պատգամավորի խոսք այս ամբիոնից ուղիղ ազդեցություն ունի ֆինանսական շուկայի վրա, որովհետև այն ազդում է այն մարդկանց ու տնտեսվարող սուբյեկտների սպասումների վրա, ովքեր նախաձեռնում ու իրականացնում են որոշակի գործողություններ: Այս առումով` ես մեղադրում եմ ԿԲ-ին, որ նա չի իրականացնում այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն կտան պետական քաղաքական գործիչներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու»,-ասաց նա և նշեց, որ Կենտրոնական բանկը չի առաջարկում ոչ մի մոդել, որը հնարավորություն կտա գործիչներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնել:
Շարունակելով խոսքոը՝ նա նկատեց, որ տարբեր տեղերից, նաև՝ ԱԺ ամբիոնից, չհիմնավորված հայտարարություններ էին հնչում, որի հետևանքը եղավ ֆինանսական շուկայում աժիոտաժը, իսկ ԿԲ-ի հայտարարություններն այլևս ազդեցություն չէին ունենում։ «Ես մեղադրում եմ նաև ԱԺ երկու հանձնաժողովներին՝ տնտեսական և ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովներին, որովհետև պետք է կարողանան մի մոդել մշակել, որ ընթացիկ վերահսկողություն ապահովենք»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:
Ա. Մինասյանն ընդգծեց նաև, որ ոչ մեկը համապատասխան որևէ մոդել չի առաջարկում այս և նման այլ հարցերը լուծելու համար: «Բազմիցս ասել եմ, որ Կենտրոնական բանկը իրականացնում է ֆինանսական ողջ շուկայի կարգավորումը, բայց ԿԲ-ն պետք է հրաժարվի մակրոպոտենցիալ կամ միկրոպոտենցիալ կարգավորումից: Մենք պետք է և պարտավոր ենք համատեղ լուծումներ գտնել»,-ասաց նա: