07/10/2015 12:06
Ա. Բաբայան. ԱԺ-ում անցագրեր տրամադրելու և քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել
Նախօրեին ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «տոտալ վերահսկողության է» անցնում՝ փոփոխություն կատարելով լրագրողների՝ ԱԺ շենք մտնելու թույլտվության տալու կարգում: Ըստ այդմ, իբրև թե այսուհետ շենք մտնելու համար միանգամից չորս պաշտոնյա պետք է իր թույլտվությունը տա: Այս կապակցությամբ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ազգային ժողովում անցագրեր տրամադրելու և քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել։ Բոլորդ տեղյակ եք, որ նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը և քաղաքացիների մուտքը կանոնակարգված է։ Գիտեք, որ նիստերի օրերին ԱԺ բնականոն գործունեությունը չխոչընդոտելու համար լրացուցիչ հայտեր չեն տրվում։ Շատերդ եք ինձ դիմել և ստացել եք պատճառաբանված մերժումներ։
Պարոն Արամ Մանուկյանը մինչև իր հայտարարությունը պարզաբանում է խնդրել իմ ղեկավարած վարչությունից։ Պարզաբանվել է, որ չկա որևէ փոփոխություն։ Թե ինչու է ճշտելուց հետո տարածում իրականությունից հեռու տեղեկություն՝ թողնում եմ ձեր տրամաբանությանը»։