07/10/2015 13:46
ԵՏՄ-ի և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» համագործակցությունը տնտեսական աճ կապահովի
Հոկտեմբերի 6-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի պատվիրակությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՇՀԿ քարտուղարության ներկայացուցիչների մակարդակով տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» խորագիրը կրող համաժողով:
Համաժողովի քննարկման առնցքային թեման Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ձևավորման հարցն էր:
Քննարկման ընթացքում ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ու Չինաստանի հետ համագործակցությանը հայտնել է, որ այդ համագործակցությունը լավ նախադրյալ է՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ «Մեծ Եվրասիայի» ստեղծման համար, քանի որ ԵՏՄ–ի` Չինաստանի հետ միասնական տնտեսական տարածքի ձևավորումն ավելի ակտուալ և ռեալ է դարձնում այդ հնարավորությունը: Նա նաև հայտնել է, որ Եվրասիա–չինական նախագծի մեծ հաջողության դեպքում զգալի կմեծանա նաև Եվրոպական միության հետաքրքրությունը ԵՏՄ երկրների հետ ինտեգրվելու համար:
Անդրադառնալով Չինաստան-ԵՏՄ համագործակցությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստիենկոն հայտնել է, որ Չինաստանի հետ առևտրա-տնտեսական համագործակցության շուրջ համաձայնեցման բանակացությունները կարող են մեկնարկել 2016թ.-ին:
Համաժողովի ընթացքում առաջարկություններով է հանդես եկել նաև ղազախական պատվիրակությունը: Ղազախստանն առաջարկել է ԵՏՄ անդամ-պետություններին ու Չինաստանին միավորել ուժերը նորարարությունների ոլորտում, համագործակցել արդյունաբերության և տրանսպորտային փոխգործակցության ոլորտներում:
Հայաստանը՝ լինելով ԵՏՄ անդամ հետաքրքրված է միության հաջողություններով ու ևս կարևորում է «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու» ձևավորումը: Ավելի վաղ Սիանում (Չինաստան, Շենսի նահանգ) Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդգծել է. «Դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան և Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարևորագույն տարանցիկ ուղի: Ունենալով այսպիսի պատմական փորձ, բնական է, որ Հայաստանը ողջունեց Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու գաղափարը, որն առաջ է քաշել 2013 թվականին Նախագահ Սի Ծինփինը»:
Նման հայտարարություններից հետո, ակնհայտ է դառնում, որ ԵՏՄ անդամ-պետությունները խորապես հետաքրքրված են Չինաստանի հետ համատեղ ծրագրի իրականացմամբ: Չինաստանի հետ համատեղ ծրագիր իրականացնելուց հետո, մի շարք նոր երկրներ հետաքրքրություն կցուցաբերեն ԵՏՄ-ի հետ համագործակցության հարցում, որն էլ իր հերթին ճանապարհ կհարթի ԵՏՄ անդամ պետություններում տնտեսական աճ գրանցելու համար: