07/10/2015 15:25
Թուրքիան երկու պատերազմի և երեք հակառակորդի արաքնում
Մինչ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Սիրիայում ռուսական ռազմական ավիացիայի գործողությունների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա, Թուրքիայի ներսում ստեղծվել է մի իրավիճակ, որի հետևանքները Հայաստանի արևմտյան հարևանի համար կարող են ողբերգական ավարտ ունենալ: Ընդ որում, եթե հաշվի առնենք Թուրքիայում կայանալիք խորհրդարանական գալիք ընտրություններն ու դրա համատեքստում ներքաղաքական ծայրահեղ անկայուն վիճակը, ապա կարելի է ենթադրել, որ ստեղծված իրավիճակի լրջությունը խորանալու միտումներ ունի և առաջիկայում խոսքը կարող է գնալ լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի մասին:
Խոսքը վերաբերում է թուրք-քրդական բախումների, որոնք աստիճանաբար, իսկ կողմնակի դիտորդի համար որոշ դեպքերում նաև աննկատ, ձեռք են բերել լայնասշտաբ ռազմական գործողություններին հատուկ տարրեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քրդերին, որոնք եթե ժամանակին գործում էին պարտիզանական պատերազմին հատուկ ոճով և «բավարարվում» էին թուրքական զինուժի դեմ ուղղված ահաբեկչական գործողություններով, ապա այժմ քրդերը գործի են դրել ծանր ռազմական տեխնիկա, հակաօդային պաշտպանական միջոցներ և օր-օրի մեծացնում են թուրքական զինուժին հասված վնասները: Ավելին. զուտ ռազմավարական իմաստով քուրդ-թուրքական բախումների աշխարհագրությունը հուշում է, որ գոնե քրդական զինյալները գործում են ծրագրավորված և նախապես գծված սցենարով:
Խնդիրն այն է, որ վերջին օրերին զինված բախումների կենտրոնը դարձել է Բաթման քաղաքը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում և որը, ի դեպ, շատ մոտ է Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի սահմանային եռանկյունուն, որտեղ էլ, իմիջիայլոց, քրդերը նախատեսում են ստեղծել անկախ Քուրդիստանը: Հետևաբար, կարծել, թե քուրդ զինյալների ակտիվացումը հենց հիմա և հենց այստեղ պատահական է, այնքան էլ լուրջ չէ: Ընդ որում, հետաքրքիր է նաև այն, որ թուրքական պետության դեմ պայքարում քրդերը գոնե այս ժամանակահատվածի կտրվածքով ձեռք են բերել «ակամա» դաշնակիցներ, որոնց գոյությունն իսկ էապես թուլացնում է թուրքական իշխանությունների դիրքերը:
Խոսքը վերաբերում է Ռուսաստանին և Իրանին, որոնք, ճիշտ է, քուրդ զինյալների հետ ուղղակի կապ չունեն (գոնե առերևույթ), սակայն Սիրիայում իրենց գործունեությամբ էապես թուլացրել են թուրքական գործոնը ոչ միայն ամբողջ տարածաշրջանում, այլև, որքան էլ տարօրինակ չհնչի, Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում, ինչի արդյունքում էլ, ըստ էության, քրդերը պարտիզանական պատերազմից անցել են բացահայտ ռազմական գործողությունների մարտավարությանը: Ընդ որում, եթե ռուսական ավիահարվածներն ու իրանական ցամաքային զիբված ուժերի հնարավոր մուտքը Սիրիա քիչ թե շատ էֆեկտիվ լինեն, ապա Թուրքիայի համար երկրի ներսում քրդերին ճնշելը զգալիորեն կդժվարանա, քանի որ «Իսլամական պետության» դիրքերի թուլացումն ու նահանջը դեպի Սիրիայի խորք, Սիրիայում կռվող քրդական ջոկատներին հնարավորություն կտա ուժերը կենտրոնացնել թուրքական բանակի դեմ պատերազմի ուղղությամբ և այդպիսով, ինչո՞ւ ոչ, տալ Թուրքիայի վերաձևման մեկնարկը: