07/10/2015 14:36
Լ. Զուրաբյան. Հայաստանի դրամավարկային քաղաքականությունն այսօր ադեկվատ չէ
Ըստ պաշտոնական սուտ տվյալների` գործազրկությունը Հայաստանում հասել է 30 տոկոսի, բնակչության ավելի քան 20 տոկոսն աղքատ է, մեր տնտեսությունն աղետալի վիճակում է և այդ աղետը գնալով ահագնանում է, իսկ մեր կառավարիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ ասել է տնտեսական կառավարում: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ տնտեսության ներկայիս վիճակը կապված է իշխանությունների կողմից ստեղծված մենաշնորհային իրավիճակից:
«Իշխանությունները ջախջախել են միջին օղակը և ստեղծել են մենաշնորհային թալանի համակարգ: Փակ մենշանորհային պայմաններում դրամի կայունացման քայլերով կառաջացնենք անվերահսկելի և խուճապային գնաճ, ինչը կնվազեցնի բնակչության կենսամակարդակը: Նման իրավիճակից խուսափելու համար պետք է տնտեսական միջավայր ստեղծել, ինչը ռեժիմը երբեք չի անի, քանի որ չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Նա նաև նշեց, որ ռուսական ռուբլու անկումը ծանր վիճակի մեջ է դրել ՀՀ արտահանողներին, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին:
«Հստակ է մեկ բան՝ Հայաստանի դրամավարկային քաղաքականությունն այսօր ադեկվատ չէ` առավել ևս հաշվի առնելով աշխարհում վերջին զարգացումները»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը: