07/10/2015 16:22
Հանրայինի հաղորդումների որակը փոքր-ինչ բարձրացել է, բայց ընդդիմադիրներին խոսք չեն տալիս. Լևոն Զուրաբյան
Հանրային հեռուստաընկերության հաղորդումների որակը փոքր-ինչ բարձրացել է: Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով Հանրային հեռուստատեսության 2014 թվականի գործունեությանն, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մշակութային ու միջազգային հաղորդումերի մակարդակով անգամ կարող եմ ասել, որ բարձր մակարդակի վրա են դրանք գտնվում, բայց անգամ դա չի արդարացնում Հանրային հեռուստաըներության անգործությունն այն առումով, որ այնուամենայնիվ, ձեր կողմից մի շարք օրենքներ են խախտվում»,- ասաց պատգամավորը, ով ՀՌԱՀ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից նաև հետաքրքրվեց.
«Ձեր պարտականությունները, ենթադրում եմ, քաղաքական տեղեկատվություն տրամադրելն է, ընդ որում՝ բազմակողմիանիության, անկողմնակալության և ժողովրդավարության սկզբունքներով: Ինչո՞ւ Հանրային հեռուստատեսությամբ չեն հնչում իշխանությանը հակադիր կարծիքներ և ինչո՞ւ իշխանությանը հակադարվող ընդդիմադիրները չեն հրավիրվում ո՛չ հարցազրույցների, ո՛չ բանավեճերի, ո՛չ էլ թոք-շոուների մասնակցելու»:
Ռ. Ջաղինյանն էլ հակադարձեց՝ պնդելով, թե իրականում այնպես չէ, ինչպես ներկայացվեց: «Պարոն Զուրաբյան, այնպես չէ, որ ոչ ոք չի հրավիրվում կամ չի երևում: Այդպիսի բան չկա: Տարբեր ծրագրերում ընդդիմադիրների մասնակցությունը կա: Մենք վերջին օրերի ընթացքում շատ ենք հեռարձակել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդդիմադիր գործիչների կարծիքները և ես չեմ պատկերցնում, թե դրանից առավել ինչպես է տեղի ունենում: Կան փոփոխություններ և այդ ուղղությամբ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են»,- ասաց ՀՌԱՀ խորհրդի նախագահը՝ հավելելով, որ այդ ամենը շտկելու համար ժամանակ է պահանջվում:
Լ. Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերությունը պատրաստվում սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը լուսաբանել:
«Եվրոպայի Խորհուրդն ակնկալում է, որ Հայաստանում Սահմանադրական հանրաքվեն կանցնի ամենաբարձր միջազգային ստանդարտներով: Այստեղ շատ կարևոր է նաև Հանրային հեռուստաընկերության դերը: Ինչպե/ս եք պատրաստվում «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավի համար հավասար հնարավորություններ ապահովել»,- հարցրեց Լ. Զուրաբյանը: Սակայն նրա հարցը մնաց անպատասխան, քանի որ Ռ. Ջաղինյանն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ պատրաստ չէ: