07/10/2015 17:02
Փաշինյանը` վարչապետին. Զրպարտո՞ւմ էին ձեր սիրելի խնամի պարոն Ծառուկյանին
Բոլոր ստուգումների ժամկետներն անցել են և հիմա ժամանակն է արձանագրել` Սերժ Սարգսյանը ճի՞շտ էր ասում, թե զրպարտում էր ձեր սիրելի խնամի պարոն Ծառուկյանին: Այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան հայտնի ելույթը և դրանում հնչեցրած առաջադրանքը ստուգել ՝որքանով են ճիշտ այն լուրերը, թե ԲՀԿ նախկին նախագահը միլիարդավոր հարկեր չի վճարում:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև` Գ. Ծառուկյանը վերջերս պարգևատրվեց, գուցե այդպիսով Սերժ Սարսյանը ներողությո՞ւն էր խնդրում:
Մինչ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կարձագանքեր, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց.
«Երանի ես պատասխանեի հարցին»:
Իր հերթին Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ հարցը գրավոր է ուղղված եղել գործադիրին, որին պատասխանել է ֆինանսների նախարարը, բայց ինքը հիմա կընթերցի այն.
«Վարչապետի հանձնարարությամբ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման արդյունքների ստուգման ուսումնասիրման, ամփոփման և ձևակերպման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Հաշվի առնելով այդ միջոցառումների կարևոր և ծավալուն լինելը՝ արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակվել միայն դրանց կատարման ավարտին: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:
Ավելին` Դ. Հարությունյանն ասաց, որ վերջերս մի շարք ՀՀԿ-ականների հարկային պարտավորությունների մասին է մամուլը բազմիցս գրել, իսկ մամուլն էլ պատասխանն էր փնտրում, թե ինչ է եղել ՀՀԿ-ում, եթե հարկային պատասխանատվության են ենթարկվում նաև կուսակիցները: Պատասխանը, ըստ նրա, մեկն է.
«Գործելու է օրենքը և օրենքն է լինելու գերակա»:
Ն. Փաշինյանը հստակեցրեց` օրենսդրությունը հստակ ժամկետներ է սահմանել և այդ ժամկետներում ամեն ինչ պետք է ավարտված լիներ: Նաև ասաց, որ մինչև իր հարցերի պատասխանը չստանա, երկու շաբաթը մեկ այս հարցը բարձրացնելու է: Դ.Հարությունյանն էլ հակադարձեց, որ շատ լավ հասկանում է, որ երկրում կարևոր հարցերը թողած Ն.Փաշինյանը հենց այս հարցն է բարձրաձայնելու, բայց ստուգումների համար նախատեսված ժամկետների սպառված լինելու մասին հարցը չի եղել պատգամավորի գրավոր հարցադրման մեջ: Իսկ քանի որ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը գործուղման մեջ է, ապա ինքը նախապատրաստված կլիներ այդ հարցին:
«Բայց գրավոր հարցադրման մեջ այս մասին չկար: Ես այն կուղղեմ գործընկերոջս և կխնդրեմ, որ ձեզ ավելի մանրամասն պատասխանի»,- հավելեց Դավիթ Հարությունյանը: